Եվգենյա Մեդվեդևա․ Հայկական արմատներով աշխարհի ճանաչված գեղասահորդներից մեկը

19 Նոյեմբերի 2024, 23:48

Հայեր

Նոյեմբերի 19-ին իր ծննդյան օրն է նշում հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան։

Մեդվեդևան ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 19-ին Մոսկվայում։ Նրա հայրը՝ Արման Բաբասյանը, գործարար և նկարիչ է, մայրը՝ Ժաննան, նախկին գեղասահորդուհի և Մոսկվայի չեմպիոնուհի։ Մայրը բավականին շուտ դստերը տվել է գեղասահքի՝ երազելով, որ նա իսկական պրոֆեսիոնալ կդառնա։ Եվգենյան սկսել է չմուշկներով սահել երեք տարեկանից։ Հավաքականում հայտնվելու համար նա նույնիսկ ստիպված էր հանդես գալ կոտրված ձեռքով, բայց կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները:

Եվգենյան զգալի հաջողությունների է հասել մարզիչ Էթերի Տուտբերիձեի ղեկավարությամբ: Յուրահատուկ ոճն ու տեխնիկան նրան դարձրել են աշխարհի ամենաճանաչելի գեղասահորդներից մեկը։
Մեդվեդևան աշխարհի կրկնակի չեմպիոն է (2016, 2017), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2017) և Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (2016, 2017): Նա նաև 2018-ի Փհենչհանի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է մենասահքում և թիմային մրցումներում:
Նա առաջին գեղասահորդն է կանանց շրջանում, որ երիտասարդների աշխարհի առաջնությունում հաղթելուց մեկ տարի անց հաղթել է մեծահասակների աշխարհի առաջնությունում, ինչպես նաև Ռուսաստանի առաջին գեղասահորդն է, որ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Եվգենյա Մեդվեդևային մարզել են գեղասահքի աշխարհում հայտնի մարզիկներ Էթերի Տուտբերիձեն, Իլյա Ավերբուխը, Ալեքսանդր Ժուլինը։