Եվգենյա Մեդվեդևա․Հայկական արմատներով չեմպիոնուհին

19 Նոյեմբերի 2025, 22:00

Հայեր

Եվգենյա Արմանի Մեդվեդևան ժամանակակից գեղասահքի ամենավառ մարզուհիներից մեկն է, ում կարիերան դարձել է կանանց մենասահքի նոր փուլի խորհրդանիշը։

Գեղասահորդուհին ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 19-ին Մոսկվայում՝ մի ընտանիքում, որտեղ սպորտն ու արվեստը միահյուսվել են: Հայրը՝ Արման Բաբասյանը, նկարիչ է, մայրը՝ Ժաննա Մեդվեդևան, նախկին գեղասահորդուհի։

Վաղ տարիքից Եվգենյան հայտնվել է սառույցի վրա, և արդեն դեռահաս տարիքում նրա տաղանդն ակնհայտ էր։ Էթերի Թութբերիձեի ղեկավարությամբ նա արագ դուրս է եկել միջազգային մակարդակ՝ նվաճելով Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի կոչումները։

2017 թվականին Մեդվեդևան համաշխարհային ռեկորդ է սահմանել թիմային առաջնությունում (80,85 միավոր), իսկ 2018 թվականին Փհենչհանի Օլիմպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր։ Նրա ելույթները աչքի էին ընկնում ոչ միայն տեխնիկական բարդությամբ, այլև արտիստիզմով, ինչը փոխեց կանանց գեղասահքի ընկալումը մրցավարների և հանդիսատեսի աչքերում։

Եվգենյան աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, հաղթանակներ է գրանցել Ռուսաստանի ազգային առաջնություններում։ Նա բազմիցս նվաճել է Ռուսաստանի գավաթը և մրցանակային տեղեր զբաղեցրել միջազգային խոշորագույն մրցաշարերում:

Օլիմպիական խաղերից հետո Մեդվեդևան շարունակել է կարիերան կանադացի մարզիչ Բրայան Օրսերի ղեկավարությամբ՝ մնալով աշխարհի ուժեղագույն գեղասահորդուհիներից մեկը։ Նա հանդես է եկել Աննա Կարենինա»-ի կերպարում, ինչպես նաև Իլյա Ավերբուխի ամենահայտնի սառցե մյուզիքլում՝ «Կարմեն»-ում, որոնք նրա մասնակցությամբ դարձել են ժամանակակից գեղասահքի ամենահիշվող բեմադրությունները։

Եվգենյա Մեդվեդևան չեմպիոնուհի է, ում նվաճումները նշանավորել են մի ողջ դարաշրջան։ Նա ապացուցել է, որ կանանց գեղասահքը կարող է լինել միաժամանակ տեխնիկապես կատարյալ և գեղարվեստորեն խորը, իսկ նրա անունը հավերժ կմնա 21-րդ դարի մեծագույն մարզուհիների շարքում: