Եվլախում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել. Դավիթ Մելքումյան
24 Մարտի 2025, 22:42
Եվլախում գաղտնի բանակցություններ չեն եղել և որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։
«Բանակցություները երեք ռաունդով էին։ Առաջին հանդիպումից հետո օր ու գիշեր ես հանդիպումներ էի ունենում մեր բնակչության հետ, որոնք այդ պահին Ստեփանակերտում էին։ Այն, ինչ տեղի է ունեցել, մեր բնակչությանը բառ առ բառ ասել եմ ու բացատրել։ Մանավանդ, այս վերջին ժամանակներում, երբ ինտրիգներ են մտցրել, թե Եվլախում փակ ու գաղտնի բանակցություններ են եղել, կեղծ շահարկումներ են։ Հիմնական հարցերը, որոնց մենք անդրադարձել ենք, որոնք քննարկվել են, սոցիալական, հումանիտար ու անվտանգային հարցերն են եղել։ Ինչպես իրենք են նշում, իրենց կողմից եղել են ինտեգրացիայի, ինտեգրման հարցերը»,- ասել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ հայկական կողմի կարևոր ձեռքբերումը եղել է այն, որ շրջափակման մեջ մնացած մարդիկ կարողացել են անվտանգ դուրս գալ։
«Մեր հիմնական նպատակներից մեկը եղել է այն, որ շրջափակման մեջ մնացած բոլոր մարդիկ անվտանգ ու ապահով դուրս են բերվել ու չեմ հիշում մի դեպք, երբ որևիցե մեկը տուժել է։ Սա որպես հաջողություն պետք է արձանագրենք։ Այդ օրերին ոչ հաց կար, ոչ ջուր, ոչ հոսանք, կետերից մեկն այն էր, որ միջպետական ճանապարհները բացվեն, հումանիտար օգնություն գա, վերականգնվի գազամատակարարումը, էլեկտրաէներգիան։
Եվլախում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Մեր պատվիրակությունը լիազորված չէր ստորագրել նման փաստաթղթեր»,- եզրափակել է Դավիթ Մելքումյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։