Եվրահանձնաժողովի վերաբերմունքն Արցախում իրավիճակի նկատմամբ սկսել է փոխվել. Մարկետա Գրեգորովա
05 Հոկտեմբերի 2023, 22:08
Ես ակնկալում եմ, որ բանաձեւը շատ ուժեղ կլինի, քանի որ Եվրախորհրդարանի շատ խմբեր պնդում են, որ հայերի ելքն Է Լեռնային Ղարաբաղից «Էթնիկ զտում» է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում հայտարարել Է Եվրախորհրդարանի Չեխիայից պատգամավոր Մարկետա Գրեգորովան:
Նա նշել է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները շատ քննադատական են տրամադրված Եվրոպական այլ ինստիտուտների գործողությունների նկատմամբ, որոնք փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Ադրբեջանի հետ նավթի եւ գազի մատակարարման գործարք կնքելով:
«Այս բոլոր խնդիրները, հուսով եմ, և միանգամայն վստահ եմ, տեղ կգտնեն բանաձևում։ Ես ակնկալում եմ, որ կհնչեն կոշտ հայտարարություններ։ Արդյոք դրանք կազդեն ԵՄ Խորհրդի և Եվրահանձնաժողովի վրա, որոնք շատ կարևոր են Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում, ապագայի հարց կլինի, բայց ես արդեն հիմա տեսնում եմ՝ հատկապես հանձնաժողովում հայտնվել են այդ հարցին սատարող ամուր ձայներ։ Հուսով եմ, որ Եվրախորհրդարանի աջակցությունը ազդեցություն կունենա», — նշել է նա։
Գրեգորովան հավելել է, որ մինչ օրս քննադատաբար է վերաբերվել այն ամենին, ինչ ասվել է, փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ, որը, ինչպես միշտ, բիզնեսի գործն էր: «Բայց, հիմա Ադրբեջանն իրատեսորեն անցել է բազմաթիվ կարմիր գծեր, և ես փոփոխություն եմ տեսնում, հատկապես հանձնաժողովում՝ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, հատկապես դա վերաբերում է որոշ պաշտոնյաների նկատմամբ պոտենցիալ պատժամիջոցների կիրառմանը», — ասաց պատգամավորը: