Եվրահանձնաժողովը նախկինի պես Ադրբեջանին համարում է իր հուսալի գործընկերը. Մարինա Կալյուրանդ

Եվրահանձնաժողովը մի կողմից պատժամիջոցների կոչ է անում, մյուս կողմից՝ ոչինչ չի արել էներգետիկ գործարքի հետ կապված և մինչ օրս Ադրբեջանին համարում է իր հուսալի գործընկերը։ Այս մասին Alpha News-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակության ղեկավար, Էստոնիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է գնահատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավակնությունները Հայաստանի նոր տարածքների նկատմամբ, նա հայտարարել է.

«Մենք, իհարկե, հետևում ենք Ադրբեջանից եկող նորություններին, բայց, անկեղծ ասած, դա արդեն զարմանալի չէ։ Այն բանից հետո, երբ մենք տեսանք հայտարարությունները, և այն բանից հետո, երբ Ադրբեջանը հեռացվեց Եվրոպայի Խորհրդից, ինչպես մինչ այդ Ռուսաստանն ու Բելառուսը, մենք ունենք անցյալ տարվա դատական որոշումներ, որոնք Բաքվից պահանջում են ժամանակավոր միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բնակչության պաշտպանության համար:

Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի հետևում հանձնարարականներին, նույնիսկ չի կատարում դատարանի որոշումները։ Մեր բանաձևում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանին, սակայն մենք, այնուամենայնիվ, ներառել ենք Ադրբեջանի մասին մի պարբերություն, որտեղ ևս մեկ անգամ կոչ ենք արել Եվրահանձնաժողովին վերանայել այդ երկրի հետ իր էներգետիկ համաձայնագիրը։ Մենք նաև շատ հստակ հասկացրել ենք, որ Ադրբեջան-ԵՄ ապագա հարաբերությունները պետք է պայմանավորված լինեն՝ հաշվի առնելով մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը և երկրում տիրող ընդհանուր իրավիճակը», — ասել է նա։

Մեկնաբանելով Շառլ Միշելի շնորհավորանքն՝ ուղղված Ալիևին, չնայած ալիևյան ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի դիրքորոշմանը, որը տարբերվում է ԵՄ առաջնորդների դիրքորոշումից, ինչպես նաև պատասխանելով հարցին, թե որն է այս անհամապատասխանության պատճառը, Եվրախորհրդարանը. նշեց, որ սա շատ բարդ խնդիր է։

«Իմ անձնական դիրքորոշումն այն է, որ ես դա չեմ հասկանում և չեմ կարծում, որ ճիշտ էր։ Մեր բանաձևում դատապարտում ենք նաև Շառլ Միշելի այս շնորհավորանքը։ Բայց այս հարցն արժե ուղղել նրան, թե ինչու է նա անում այնպիսի գործողություններ, որոնք, կարծում եմ, չեն օգնում հասնել խաղաղության և խաղաղության համաձայնագրի տարածաշրջանում։ Կարևոր է Հայաստանին և Ադրբեջանին համախմբել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի խաղաղության համաձայնագիր կնքվի՝ հարգելով երկու երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ընդգծում եմ՝ երկու երկրների։ Առանց դրա տարածաշրջանում խաղաղություն չի լինի, իսկ ձեր ժողովուրդն արժանի է խաղաղության», — ընդգծել է նա։

Խոսելով այն մասին, թե ինչ ազդանշան են ուղարկում Հայաստանին ԵՄ առաջնորդների նման քայլերն, որոնք կարծես հաստատում են Ալիևի վարչակարգի հանցագործությունները, որոնք նա կատարել է և շարունակում է կատարել, Կալյուրանդը հայտարարել է.

«Ես չէի ասի, որ դա պետք է դիտարկել որպես նրա հանցագործությունների հավանություն, բայց ազդանշաններն, իհարկե, միանշանակ չեն։ Մի կողմից՝ մենք կոչ ենք անում պատժամիջոցներ կիրառել, մյուս կողմից՝ Եվրահանձնաժողովը ոչինչ չի արել էներգետիկ գործարքի հետ կապված և առաջվա պես Ադրբեջանին համարում է իր վստահելի գործընկերը։ Իհարկե, դրանք շփոթեցնող ազդանշաններ են, բայց նորից չեմ կարող խոսել եվրոպական բոլոր ինստիտուտների անունից։ Ես պարզապես երջանիկ եմ և հպարտ, որ այս խորհրդարանը շատ հստակ արտահայտում է մեր դիրքորոշումը և թույլ չի տալիս որևէ կասկած կամ երկիմաստություն»: