Եվրաինտեգրման համար Հայաստանը շատ բարձր գին կվճարի. Ասլան Ռուբաև

22 Սեպտեմբերի 2025, 23:02

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ, հետխորհրդային երկրների հարցերով փորձագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է տեղեկությունը, որ Հայաստանի իշխանությունները 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության հաղթանակի դեպքում կակտիվացնեն Եվրոպական միությանն անդամակցելու ջանքերը։

Փորձագետը նշել է՝ պետք է փաստել, որ Հայաստանը վերջնականապես դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության գոտուց։

«Փաշինյանն եվրաինտեգրման կուրս է որդեգրել՝ բառի բոլոր իմաստներով։ Իհարկե, Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման, վերաֆորմատավորման մասին նրա հայտարարությունը խոսում է միայն մի բանի մասին, որ այդ հարաբերությունները կվատանան։ Ճանաչելով Փաշինյանին, տեսնելով նրա հռետորաբանությունն ու մտադրությունները՝ նա ոչ մի դեպքում չի առաջնորդվի Հայաստանի շահերով, նա կառաջնորդվի իր առջև դրված խնդիրներով։

Ուզում եմ հիշեցնել, որ Յանուկովիչը և Սաակաշվիլին մոտավորապես նույն հույսերն ունեին, որ կգնան եվրաինտեգրման ճանապարհով, բայց, միևնույն ժամանակ, կփորձեն պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ոչ, դա չի ստացվի, դա այն դեպքերից է, երբ երկու աթոռի վրա նստել չի հաջողվի։ Ի դեպ, պետք է ասել, որ դա նույնիսկ չի հաջողվել Լուկաշենկոյի նման վիրտուոզ քաղաքական գործչին, էլ ուր մնաց խոսել Փաշինյանի մասին»,- ասել է Ռուբաևը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը կհայտնվի արևմտյան քաղաքական գործիչների ձեռքում, որոնք նրան կօգտագործեն որպես փոխանակման գործիք։

«Սա միակողմանի տոմս է, սա անդունդ է ռուս-հայկական հարաբերությունների միջև և մեծ ողբերգություն Հայաստանի համար: Հայաստանը եվրաինտեգրման համար շատ բարձր գին կվճարի, նույնը, ինչ վճարեցին հարևանները։ Հայաստանը, ցավոք, ևս մեկ պատերազմ կունենա, որի ժամանակ Ռուսաստանն օրինական կամ նույնիսկ ոչ օրինական կերպով այլևս չի կարող պաշտպանել նրան, քանի որ Հայաստանը կհայտնվի արևմտյան քաղաքական գործիչների ձեռքում, որոնք նրան կօգտագործեն որպես փոխանակման գործիք, կստեղծեն ևս մեկ հակառուսական ազդեցության գոտի, ինչպես եղավ Վրաստանի կամ Ուկրաինայի դեպքում, ինչն այդքան էլ լավ չէ հենց Հայաստանի համար և ոչ մի լավ բան չի խոստանում»,- եզրափակել է Ռուբաևը:

Հիմա եթերում