Եվրաինտեգրման մասին կարգախոսներ աղաղակելը խելագարություն է թվում. Բորիս Մեժուև
24 Նոյեմբերի 2025, 22:00
Քաղաքագետ Բորիս Մեժուևը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը։
«Նախագահները հանդիպում են, վերջերս գագաթնաժողով էր, նրանց միջև կոշտ գործողություններ տեղի չեն ունենում։ Սակայն ռուսական հասարակությունը դժգոհ է տեղի ունեցող ձերբակալություններից և հակաեկեղեցական գործողություններից։ Կան մի շարք դիրքորոշումներ, որոնք, անշուշտ, որոշակի դժգոհություն են առաջացնում։ Բայց, մյուս կողմից, այժմ դա Ռուսաստանի համար առաջնահերթ թեմա չէ: Ռուսաստանն այս պահին տրամադրված չէ կոշտ գործել Հայաստանի կամ Ադրբեջանի նկատմամբ»,- կարծում է փորձագետը։
Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ դեպի Եվրոպա Հայաստանի ձգտումը հղի է տարբեր ռիսկերով և խելամիտ չէ։
«Խնդիրն այն է, որ այժմ զգացողություն է ստեղծվում` Հայաստանը հասկանալի, նույնիսկ բացատրելի պատճառներով իր համար փոս է փորում, քանի որ բազմակենտրոն աշխարհի պայմաններում, այսինքն՝ ասիական հսկաների վերելքի (պարտադիր չէ անգամ Ռուսաստանի, այդ թվում՝ Թուրքիայի, որոշ առումով Իրանի ամրապնդման, ՇՀԿ ամրապնդման) պայմաններում պարտադիր չէ եվրաինտեգրման կարգախոսներ աղաղակելը… Իսկ եթե դա լուրջ է, ապա դա արդեն խելագարություն է: Փաստացի Հայաստանը կլինի Կովկասում միակ երկիրը, որն իրապես ցանկանում է որևէ եվրաինտեգրում։ Եվ պետք է հասկանալ, թե որքան ծանր կլինի նրա դրությունը, եթե այդ եվրաինտեգրումն իրականություն դառնա, եթե Հայաստանն իսկապես ընտրի Ֆրանսիային որպես առաջնահերթ գործընկեր։
Բոլոր եվրասիական հսկաներն այժմ մի շարք պատճառներով բարդ հարաբերությունների մեջ են Եվրոպայի հետ։ Եվրոպան, նախ, հեռու է, երկրորդ, աղքատ է, խեղճ, երրորդ, անզոր է և զայրացած Ռուսաստանի վրա, և նա Ռուսաստանի նման կլանված է այդ հակամարտությամբ։ Ի՞նչ կարող է Եվրոպան իրականում անել, բացի հայկական լոբբիի գումարներն օգտագործելուց՝ Հայաստանին զուտ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։ Ի՞նչ կարող է Եվրոպան անել նրա անվտանգության համար, անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի է։ Եթե, իհարկե, պարզապես չխոսենք ավտոկրատ ռեժիմների աշխարհում ժողովրդավարության հենակետը հերոսաբար լինելու ցանկության մասին։
Ռուսաստանում այժմ դրան նայում են ոչ թե որպես սպառնալիքի, այլ ավելի շուտ որպես անոմալիայի։ Աշխարհագրությունը չես փոխի. Հայաստանը գտնվում է այնպիսի դրության մեջ, երբ ստիպված կլինի նորմալ փոխգործակցություն փնտրել իր հարևաններից որևէ մեկի հետ»,- եզրափակել է Բորիս Մեժուևը։