Եվրամիությունը Հայաստանին գայթակղում է «գազարով» և «սուտ խոստումներով». Անդրեյ Արեշև

10 Հունվարի 2025, 23:58

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ, Քաղաքական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի արձագանքը Հայաստանի իշխանությունների՝ Եվրամիություն մտնելու մասին հայտարարություններին։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի դիրքորոշումը բավականին կոշտ է և սահմանվում է Հայաստանի կառավարության մտադրությունների շուրջ, և պարոն Օվերչուկի և ՌԴ կառավարության այլ ներկայացուցիչների արձագանքը պայմանավորված է նրանով, որ խոսքն արդեն ՀՀ կառավարության ինչ-որ որոշման մասին է, որը հավանություն է տվել հայաստանյան մի շարք արևմտամետ ուժերի այս նախաձեռնությանը:

Այս նախաձեռնությունն ի սկզբանե համաձայնեցված է եղել Հայաստանի ներկայիս իշխանության հետ, և մենք տեսնում ենք Փաշինյանի կառավարության գործողությունների որոշակի հաջորդականություն, որոնք ուղղված են Եվրամիության հետ մերձեցմանը։ Մենք գիտենք, որ անցյալ տարի Երևանի և Բրյուսելի միջև բանակցություններ են եղել մի շարք ապրանքների մաքսային և սակագնային քաղաքականության սինխրոնիզացման վերաբերյալ։

Կարծում եմ՝ դա նաև իր դերն ունեցավ, որ մի կողմից Ռուսաստանի դիրքորոշումը համեմատաբար հանգիստ է, իսկ մյուս կողմից՝ ուղղակի թվարկված են այն ծախսերը, որոնք պետք է կրի Հայաստանը։ Հայկական կողմը դեռ պետք է որոշի, թե ինչն է ավելի կարևոր՝ եվրաինտեգրման ձևով «սուտ խոստումները», որն առայժմ գտնվում է բավական վերացական հայտարարությունների մակարդակում, որոնք պետք է դիտարկել Հայաստանի ներկայիս քաղաքականության համատեքստում, և կոնկրետ նախապատվությունները, որոնցից Հայաստանն ընդհանուր առմամբ և առանձին տնտեսվարող սուբյեկտներ օգտվում են, քանի դեռ գտնվում են Եվրասիական ինտեգրացիոն միավորումում»,- ընդգծել է Անդրեյ Արեշևը։

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի որոշ ուժերի համար «սուտ խոստումները» բավականին «յուղոտ» են՝ հատկացվող դրամաշնորհային ծրագրերի առումով։

«Արևմտամետ որոշ խմբերի, մասնավորապես՝ Հայաստանի Եվրոպական կուսակցության ներկայացուցիչներ ուղղակիորեն նշել են պարոն Փաշինյանի հետ ունեցած հանդիպումները և վարչապետի աշխատակազմի մակարդակով սերտ համակարգումը։ Այսպիսով, որոշ ուժերի համար «սուտ խոստումները», հավանաբար, բավականին յուղոտ են այն դրամաշնորհային ծրագրերի առումով, որոնք հատկացվում են եվրոպական տարբեր կառույցների մակարդակով։

Սա էլիտաների հետ աշխատելու ստանդարտ պրակտիկա է և բավականին գրագետ, որը երկար տարիներ իրականացվում է Բրյուսելի կողմից։ Ցավոք, սա մեր ժամանակների տխուր իրականությունն է։ Ի դեպ, Ռուսաստանը նույնպես երկար ժամանակ է անցել այդ ճանապարհով, և մենք գիտենք, որ դա կարող էր բերել բավականին լուրջ բացասական հետևանքների։ Ինչպե՞ս կավարտվի այս էվոլյուցիան: Կարծում եմ, որ եվրաինտեգրման «գազարը» կկախեն Հայաստանի առաջ, ինչն արդեն իրականում տեղի է ունենում։

Տեղեկատվական ազդեցությունն օգտագործելով՝ եվրոպական կառույցները Հայաստանում կհետապնդեն իրենց համար կարևոր շահերը։ Մենք գիտենք, որ եվրոպական դիտորդական առաքելության ժամկետը շուտով կերկարաձգվի ևս երկու տարով, և Հարավային Կովկասում կիրականացվեն տարբեր այլ նախագծեր, այդ թվում՝ աշխարհաքաղաքական բնույթի»,- նշել է փորձագետը։