Եվրասիական վեկտորը շարունակում է մնալ Հայաստանի համար առանցքային

27 Փետրվարի 2026, 12:40

Տնտեսություն և Բիզնես

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության գլխավոր առևտրային գործընկերը․ 2025 թվականին արտահանման ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկել ՌԴ-ին՝ մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտարարել է Սերգեյ Սոլոմինը՝ Երևանում «Եվրասիական երկխոսություն․ Հայաստան» միջազգային վերլուծական ծրագրի ընթացքում, որը կազմակերպել էր «Գորչակովի հիմնադրամ»-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համախառն արտաքին առևտրաշրջանառությունը գերազանցել է 21 միլիարդ դոլարը, որից 8,2 միլիարդը բաժին է ընկել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին։

Սոլոմինը ընդգծել է, որ եվրասիական համագործակցությունն այսօր դուրս է գալիս պարզապես ապրանքաշրջանառության շրջանակներից․ այն ներառում է արդյունաբերական կոոպերացիա, տեխնոլոգիական և ՏՏ նախագծեր, համատեղ կրթական ծրագրեր, թվային ծառայությունների և հարթակների զարգացում, մասնակցություն սահմանանց արտադրական շղթաներին, ինչպես նաև նոր լոգիստիկ երթուղիների ձևավորում։