«Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակ Բրյունետը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին

12 Մայիսի 2023, 11:26

Կարծիք | Հայեր | Մշակույթ

Երգչուհի Բրյունետը, որի «Բաց կապույտ աչքերդ», «Smoke break» երգերը ճանաչում բերեցին նրան ու ճանապարհ հարթեցին դեպի «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթ, մայիսի 11-ին մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարելուց և եզրափակիչ անցնելուց հետո խոսել է իր ելույթի և եվրատեսիլյան  «Future Lover» երգի առանձնահատկությունների մասին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Բրյունետը շատերին անակնկալի բերեց ելույթի ժամանակ պարային դադարով, որը բացակայում է երգի արդեն տարածված տարբերակում և հոլովակում:

«Բոլոր այն մարդկ, որոնք ճանաչում են ինձ, գիտեն, որ ես սիրում եմ պարել, և մենք որոշեցինք պարային հատված ավելացնել երգին, երբ ես գրում էի այն: Մենք երգի երկու տարբերակ ունեինք՝ մեկն առանց պարային դադարի, մյուսը՝ պարային դադարով: 

Եվ շատ դժվար էր դա գաղտնի պահել: Ես անընդհատ ասում էի, որ անակնկալ ունեմ,  և այդ անակնկալը հենց պարային դադարն էր: Եթե սիրեցիք այն, շնորհակալ եմ»,-մրցույթից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշել է երգչուհին:

Անդրադառնալով երգում շոշափվող հոգեկան առողջության թեմային՝ Բրյունետը խոստովանել է, որ իր համար դժվար է խոսել այդ մասին:

«Երբ ես երգում ասում եմ  «խուճապի նոպաներ» (panic attacks), հենց դա նկատի ունեմ: Շատ մարդիկ են բախվում հոգեկան առողջության խնդիրներին, և ես ևս բախվել եմ դրան: Պարզապես ցանկանում էի բոլորին ասել, որ ամեն ինչ կարգին է, բնական է նման պարագայում վատ զգալը»,-շեշտել է Բրյունետը և մեջբերել երգի հաջորդ տողերը, որոնցում ասվում է, որ պետք է լինել լավը, անել լավն ու լավ տեսք ունենալ: