Եվրախորհրդարանն առաջարկում է հրատապ բանաձև ընդունել Ադրբեջանում հայ բանտարկյալների վերաբերյալ
19 Փետրվարի 2025, 19:40
Կիպրոսից Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդիսը Alpha News-ի հետ զրույցում հայտնել է, որ մարտին խորհրդարանի քննարկման համար առաջարկել է հրատապ բանաձև, որում կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալներին:
«Անհրաժեշտ է վերջ դնել Ադրբեջանում անօրինական դատական գործելաոճին։ Եվրախորհրդարանը պետք է անհապաղ քննարկի Արցախի նախկին առաջնորդների, այդ թվում՝ բարձրաստիճան ռազմական և քաղաքական գործիչների դատավարությունը, որոնց Ադրբեջանի կառավարությունն այնպիսի մեղադրանքներ է ներկայացնում, ինչպիսիք են ահաբեկչությունն ու անօրինական զինված կազմավորումների ստեղծումը: Այս մեղադրանքները լայնորեն դիտվում են որպես քաղաքական դրդապատճառներ և անհիմն են:
Հաղորդվում է, որ շատ կալանավորներ անմարդկային պայմաններում են, ներառյալ իրենց պաշտպանների հետ շփման սահմանափակումները և առաջին անհրաժեշտության իրերից զրկելը, ինչպիսիք են ջուրը, զուգարանի թուղթը, անկողնային պարագաները և հագուստը լվանալու կամ փոխելու հնարավորությունը: Այս պայմանները պահպանվում են երկար ժամանակ: Ձերբակալվածներից մեկը հայտնել է, որ իրեն և իր փաստաբանին թույլ են տվել միայն սահմանափակ հասանելիություն գործի նյութերին, որոնք գրվել են բացառապես ադրբեջաներեն լեզվով, ինչն իրեն անհասկանալի է: Նման իրավիճակը լրջորեն խաթարում է մեղադրյալների՝ արդյունավետ պաշտպանվելու կարողությունը:
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ դատական գործընթացը չի կարելի համարել օրինական իրավական գործընթաց: Այն խախտում է մարդու հիմնարար իրավունքներն, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքը, խոշտանգումներից ազատվելու և համարժեք իրավաբանական ներկայացուցչության հասանելիությունը։
Եվրախորհրդարանը պետք է շարունակի իր ջանքերն Ադրբեջանում պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակման ուղղությամբ: Բացի այդ, չափազանց կարևոր է, որ միջազգային կազմակերպություններն ուժեղացնեն ճնշումն Ադրբեջանի վրա՝ օգտագործելով իշխանության ինչպես փափուկ, այնպես էլ կոշտ գործիքները, որպեսզի դադարեցնեն այդ անօրինական պրակտիկան և ապահովեն մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը բոլոր ձերբակալվածների համար», — ասել է Մավրիդիսը: