Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը

19 Ապրիլի 2024, 19:40

Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը. Ճանապարհ դեպի մեր օրերի տեղահանում» խորագրով համաժողով, որն անցկացվել է Ռամկավար ազատական կուսակցության նախաձեռնությամբ ու աջակցությամբ։ է Համաժողովի հյուրն է եղել Եվրախորհրդարանի իռլանդացի պատգամավոր Քլեր Դալին։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հայոց Ցեղասպանությանն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտման միջեւ զուգահեռներ անցկացնող համաժողովի գլխավոր բանախոսներն էին Բելգիայում Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչ Պարույր Սեւակ Դեմիրճյանը, Հայոց Ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը, Բրյուսելի Ազատ համալսարանի քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Անիտա Խաչատուրովան եւ նախկին դիվանագետ Վարդան Բարսեղյանը։

Եվրախոհրդարանական Քլեր Դալին իր բացման ելույթում նշել է՝ այս համաժողովի նպատակն է ոչ միայն հիշատակել Հայոց ցեղասպանությունը, այլեւ ընդգծել տեղի ունեցածի շարունակականության մասին։ Դալիի խոսքով՝ չնայած ճնշող ապացույցներին եւ աշխարհի բոլոր ծայրերում պատմաբանների համաձայնությանը՝ Հայոց Ցեղասպանությունը շարունակում է ժխտվել որոշ կառավարությունների եւ քաղաքական գործիչների կողմից՝ քաղաքական նպատակահարմարության կամ ազգային շահերի համար։  

Իռլանդացի պատգամավորի խոսքով Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն կարեւոր է էթնիկ հայերի հանդեպ հետագա հանցանքները, այլ նաեւ մարդկության հանդեպ պոտենցիալ ոճիրները կանխելու համար։  

Հիմա եթերում