Եվրախորհրդարանում քննարկվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը․ Մարինա Կալյուրանդ

16 Սեպտեմբերի 2023, 15:35

Կարծիք | Քաղաքականություն

«Սա, իհարկե, աննորմալ իրավիճակ է, ցավալի և անընդունելի», — Alpha News-ին ասել է էստոնացի պատգամավոր, Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը՝ խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման և Արցախում հումանիտար ճգնաժամի մասին։

«Ես կարող եմ ելույթ ունենալ Եվրախորհրդարանի անունից, բայց չեմ կարող խոսել եվրոպական այլ ինստիտուտների անունից։ Մենք փորձում ենք անել այն ամենը, ինչ կարող ենք, բայց մեր ունեցած ամենաուժեղ զենքը խոսքն է: Լեռնային Ղարաբաղի, Լաչինի միջանցքի և Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի շուրջ վերջերս կայացած քննարկումների ժամանակ Եվրախորհրդարանում տիրող մթնոլորտից կարելի է դատել, որ բոլորը կիսում են Հայաստանի մտահոգությունները: Դուք չեք լսի Ադրբեջանի օգտին ձայներ, և դա ուշագրավ է», — նշել է նա։

Կալյուրանդը համոզված է, որ եկել է Ադրբեջանի հետ շատ բաց լինելու ժամանակը։ «Ադրբեջանին պետք է ասել, որ դա այն վարքագիծը չէ, որը մենք ակնկալում ենք մի երկրից, որը ցանկանում է ԵՄ-ի հուսալի տնտեսական գործընկերը լինել: Դա այն է, ինչ մենք ակնկալում ենք», — ասել է նա: Ահա թե ինչու հրատապ բանաձևում, որը մենք քննարկել և համաձայնեցրել ենք երեկ և քվեարկելու ենք այսօր, հանձնարարական է տրվում կիրառել պատժամիջոցների ռեժիմ», — ասաց պատգամավորը՝ նշելով, որ տարբեր քաղաքական խմբեր լայնորեն քննարկում են պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը։

«Ես չեմ ուզում շահարկել, բայց չեմ էլ ուզում բացառել պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, քանի որ մեկ տարի առաջ մենք նույնիսկ չենք քննարկել պատժամիջոցների հնարավորությունը։ Մեկ տարի առաջ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բաքվում էր և ասում էր, որ Ադրբեջանը ԵՄ կարևոր տնտեսական գործընկերն է, իսկ հիմա խորհրդարանը սկսում է քննարկել պատժամիջոցները: Այդ պատճառով, եթե իրավիճակը վատթարանա, ես դա չեմ բացառում», — հավելել է նա։

Նրա խոսքով, Եվրախորհրդարանում Ադրբեջանի վերաբերյալ ԵՄ հանձնակատար Էլիզա Ֆերեյրայի ելույթը, որը խոսել է բարձր ներկայացուցիչ Ժոզեպֆ Բորելի անունից, նույնպես բավականին կտրուկ էր: «Նա նշել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը նույնպես մեր օրակարգի մի մասն է։ Նախորդ քննարկումներում մենք մշտապես ընդգծել ենք Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, միջազգային դիտորդների և մարդասիրական կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ մուտքի անհրաժեշտությունը:

Հուսով եմ, որ Եվրախորհրդարանը կարող է մի տեսակ մտրակ դառնալ Եվրահանձնաժողովի և ԵՄ անդամ պետությունների համար, քանի որ եթե նայենք մեր ընդունած այլ բանաձևերին, օրինակ՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի վերաբերյալ, Եվրախորհրդարանը ճնշում է գործադրել անդամ պետությունների վրա, ուստի պատժամիջոցներ են կիրառվել։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ նույնը կլինի նաև Ադրբեջանի հետ», — ասել է Կալյուրանդը։