Եվրախորհրդարանը պահանջել է, որ Ադրբեջանը համաներում հայտարարի ԼՂ-ում ձերբակալվածների, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների նկատմամբ

05 Հոկտեմբերի 2023, 17:47

Քաղաքականություն

Եվրախորհրդարանն այսօր ընդունած բանաձևում պահանջել է, որ Ադրբեջանը հանձնառություն ստանձնի՝ համաներում հայտարարելու մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը և դրանից հետո ձերբակալվածների, այդ թվում՝ տարածաշրջանի նախկին պաշտոնյաների նկատմամբ:

Կառույցը պահանջել է նաև Ադրբեջանից պաշտպանել հայ համայնքի այն ներկայացուցիչների ունեցվածքը, որոնք ստիպված են եղել հեռանալ Լեռնային Ղարաբաղից:

Հիշեցնենք, որ Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանի անդամները ընդունել են իրավականորեն ոչ պարտադիր բանաձև, որը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման հետ, ինչպես նաև կոչ է անում վերանայել համագործակցության զարգացումը և նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը:

Նշենք նաև, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել և Բաքու է տեղափոխել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյաին:

Հիմա եթերում