Եվրախորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարը ցանկություն է հայտնել լուծել Ադրբեջանի հետ կապված խնդիրները
26 Հունիսի 2024, 16:27
Եվրոպայի Խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարել է, որ անհրաժեշտ է լուծել Ադրբեջանի հետ կապված խնդիրները: Նա նման կարծիք է հայտնել ՝ պատասխանելով Alpha News-ի այն հարցին, թե արդյոք խորհրդում տեղ կա հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականություն վարող Ադրբեջանի համար, ինչի արդյունքում Արցախում հայերի զանգվածային բռնագաղթ է տեղի ունեցել.
«Միանգամայն պարզ է, որ մենք պետք է լուծենք այս խնդիրը։ Մենք ունենք 46 անդամ երկիր, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, և ադրբեջանական պատվիրակությունը խնդիրներ ունի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ): Կարծում եմ, որ այս կազմակերպությունը շատ կարևոր վայր է երկխոսության և լուծումներ գտնելու համար, նույնիսկ եթե իրական իրավիճակում դա իսկապես դժվար է անել։ Ես կցանկանայի քննարկել այս իրավիճակը Եվրոպայի խորհրդի բոլոր ինստիտուտների, Խորհրդարանական վեհաժողովի, Նախարարների կոմիտեի և կազմակերպության բոլոր անդամ երկրների հետ։ Մեր ուժն այն է, որ միասին լինենք և փորձենք լուծել բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ Եվրոպայի խորհրդի ներսում»,- ասել է նա։
Նշենք, որ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում ընտրություններ են անցկացվել Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում էին երեք թեկնածուներ՝ Եվրահանձնակատարը Բելգիայից, Էստոնիայի թեկնածուն և Ալեն Բերսեն Շվեյցարիայից, որն ստացել է ձայների մեծամասնությունը։ Բերսեն նախկինում երկու անգամ զբաղեցրել է իր երկրի նախագահի պաշտոնը: