Եվրոպացի շատ պատգամավորներ կողմ են Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ սահմանելուն. Էմանուել Մաուրել

04 Հոկտեմբերի 2023, 21:45

Քաղաքականություն

Եվրախորհրդարանում «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայից հետո և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները» բանաձևի քննարկումից հետո Apha News-ին տված հարցազրույցում եվրոպացի պատգամավոր Էմանուել Մաուրելը շեշտել է, որ բազմաթիվ պատգամավորներ ցանկանում են, որ պատժամիջոցներ կիրառվի Ադրբեջանի նկատմամբ.

«Ինչպես Դուք տեսել և լսել եք, եվրոպացի շատ պատգամավորներ կողմ են Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ սահմանելուն՝ ընդդեմ գազի այս նողկալի գործարքի, որը ԵՄ-ն կնքեց Ադրբեջանի հետ: Ես կարծում եմ, որ սա է Եվրախորհրդարանի անդամների հսկայական մեծամասնության տեսակետը: Խնդիրն այն է, թե որն է հանձնաժողովի պատասխանը, և որն է խորհրդի պատասխանը, որովհետև այսօրվա բանավեճին ներկա չեն ո՛չ մադամ ֆոն դեր Լայենը, ո’չ էլ պարոն Բորելը, իսկ մենք սպասում ենք պատասխանների»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ ֆոն դեր Լայենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահին իր վստահելի գործընկերն էր համարում.

«Այս պահին նրանք լռություն են պահպանում։ Եվ մի’ մոռացեք, որ ֆոն դեր Լայենը մի քանի ամիս առաջ Ալիևին անվանել է «վստահելի գործընկեր»։ Սա այն է, ինչ մենք դատապարտում ենք այսօրվա բանավեճի ընթացքում, և սպասում ենք նույնպիսի «վստահ պատասխանների» և խիստ պատժամիջոցների»,- եզրափակել է մեր զրուցակիցը: