Եվրոպական ամառային 3-րդ խաղերի մեկնարկին մնացել է 1 շաբաթ. Հայաստանի թիմերի կազմերը

15 Հունիսի 2023, 00:30

Սպորտ

Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ին կմեկնարկեն Եվրոպական ամառային երրորդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: Հայ մարզիկներն ուժերը կչափեն բռնցքամարտ, աթլետիկա, հրաձգություն, կարատե և մի շարք այլ մարզաձևերում, գրում է ArmSport.am-ը:

Եվրոպական ամառային երրորդ խաղերի ուղեգիրն առաջինը նվաճել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ապա մասնակցության իրավունք են ձեռք բերել ստենդային հրաձգության ներկայացուցիչ Երջանիկ Ավետիսյանը և ատրճանակավար Բենիկ Խլղաթյանը:

Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով՝

Տղամարդիկ՝ Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (71 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և Դավիթ Չալոյան (+92 կգ) ։

Կանայք՝ Անուշ Գրիգորյան (50 կգ), Եկատերինա Սիչևա (54 կգ), Տաթևիկ Խաչատրյան (57 կգ), Էլիդա Քոչարյան (60 կգ), Սոնա Հարությունյան (66կգ) և Անի Հովսեփյան (75 կգ):

Տղամարդկանց հավաքականը հանդես կգա Կարեն Աղամալյանի, իսկ կանանց հավաքականը՝ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Հայաստանի աթլետիկայի կանանց և տղամարդկանց հավաքականներում ընդգրկվել են հետևյալ մարզիկները՝

Կանայք՝ վազորդներ Մարիաննա Բաղյան (100 մ.), Գայանե Չիլոյան (200մ., 400 մ.), Էլլադա Ալավերդյան (800մ. և 3000մ. խոչընդոտավազք), Ալիսոն Հալվերսոն ( 100մ և 400մ. արագավազք), Մարի Սարգսյան (1500մ., 5000մ.), ցատկորդ Յանա Սարգսյան (հեռացատկ, եռացատ), նետորդներ Ժաննա Շահնազարյան (մուրճ, սկավառակ), Ինգա Շեկոյան (4 × 100մ. փոխանցավազք):

Տղամարդիկ՝ վազորդներ Գագիկ Աղամյան (100մ., 200մ.), Դավիթ Ղուկասյան (4 × 100մ փոխանցավազք), Դավիթ Սարգսյան (400մ.), Գոռ Հարությունյան (400մ. արագավազք), Երվանդ Մկրտչյան (1500մ.), Վանյա Սարգսյան (5000մ), Ռոման Ալեքսանյան (800մ.), Սոս Հարությունյան (3000մ. խոչընդոտավազք), ցատկորդներ Գոռ Բեգլարյան (հեռացատկ), Լևոն Աղասյան (եռացատկ), նետորդներ Մանուկ Մանուկյան (սկավառակ, գունդ) և Վանիկ Առաքելյան (նիզակ):

Եվրոպական խաղերի շրջանակում տեղի է ունենալու նաև աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Հայաստանի թիմն ընդգրկված է երրորդ խմբում։

Կրակովի տատամիի վրա իր ունակությունները կդրսևորի թաեքվոնդիստ Սարգիս Սարգսյանը (74 կգ): Մրցումներին կմասնակցեն նաև կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ, 68 կգ քաշային Անիտա Մակյանը, թեքբոլիստներ Քրիստինե Մանգասարյանը, Ռաֆայել Վարդանյան- Գոռ Սարգսյան երկյակը:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն նաև ճկասուսերակիրներ Գրիգոր Պապոյանը, Բորիս Դադայանը, խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանը, Գրիգոր Մնացականյանը, Էմմա Պողոսովան, ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը, Արման Ենոքյանը, Մարատ Գրիգորյանը, Ալիսա Զաքարյանը և մուայթայիստներ Նարեկ Խաչիկյանը, Գոռ Սարգսյանը, Արմեն Գրիգորյանը, Լուսի Տեր-Դավթյանը:

Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերից բացի կլինեն նաև լրացուցիչ միջոցառումներ: Դրանցից մեկն արագ շախմատի Եվրոպայի առաջնությունն է: Մրցաշարին կմասնակցեն շախմատային ութ առաջատար երկրների ներկայացուցիչներ, որոնք 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ ունեցել են ՖԻԴԵ-ի լավագույն միջին վարկանիշ։

Յուրաքանչյուր թիմի երկյակում կլինեն մեկական տղամարդ և կին: Հայաստանը կներկայացնի Շանթ Սարգսյան -Էլինա Դանիելյան երկյակը: Առաջնությանը կմասնակցեն նաև Լեհաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները:

Արագ շախմատի Եվրոպայի զույգերի առաջնությունը կմեկնարկի Կրակովի օպերային թատրոնում հունիսի 19-ին:

Եվրոպական մայրցամաքի խոշոր մարզական իրադարձությունը կանցկացվի հունիսի 21-ից հուլիսի 2-ը։ Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Կրակովի Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում:

Խաղերի ընթացքում ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 26 մարզաձևերում կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար:

Եվրոպական ամառային երրորդ խաղերը կանցկացվեն Լեհաստանի 12 քաղաքներում: