Եվրոպական երկրների առաջնորդները պետք է դադարեն անձնատուր լինել Ադրբեջանին․ Նատալի Լուազո

15 Մարտի 2025, 00:50

Քաղաքականություն

«Սա առաջին դեպքը չէ, երբ մեր խորհրդարանը Եվրոպական հանձնաժողովից և Գերագույն ներկայացուցչից պահանջում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի նրանք պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են եղել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար, իսկ այժմ պատասխանատվություն են կրում Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարությունների համար»,- այս մասին Alpha News-ին ասել է ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լոզոն «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալությունը և կազմակերպված դատավարությունները» բանաձևի ընդունումից հետո:

Նրա խոսքով՝ սա առաջին անգամը չէ, որ իրենք խնդրում են կասեցնել Ադրբեջանի հետ գազի վերաբերյալ հուշագիրը։

«Նրանք մեզ չլսեցին։ Բանաձևի շուրջ քննարկումներին գերագույն ներկայացուցիչը ներկա չի եղել։ Եվ դա նորմալ չէ: Մենք շարունակելու ենք ճնշում գործադրել, քանի որ մենք Եվրոպական խորհրդարանի անդամներ ենք, որոնց ընտրել են մեր հայրենակիցները։ Այդ պատճառով մեր կամքը Եվրոպայի քաղաքացիների կամքն է, և հանձնաժողովը պետք է հաշվի առնի դա»,- նշել է եվրապատգամավորը։

Խոսելով հայ բանտարկյալների խոշտանգումների մասին՝ Նատալի Լուազոն ասել է, որ հենց այդ պատճառով է տեղի ունեցել բանավեճը և հրատապ բանաձև է ընդունվել մարդասիրական խնդիրների պատճառով:

«Մենք տեսնում ենք, որ մարդիկ բռնության են ենթարկվում: Լսում ենք, որ նրանց կարող էին հոգեմետ նյութեր տալ, որպեսզի նրանք փոխեն իրենց ցուցմունքները։ Այս ամենը հակասում է միջազգային իրավունքին։ Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը մինչ օրս չի հարգում Միջազգային դատարանի որոշումը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին դա անել։ Մենք կոչ ենք անում եվրոպացի առաջնորդներին դադարեն անձնատուր լինել Ադրբեջանին»,- ընդգծել է Լուազոն: