Եվրոպական համալսարանի ՈւԽ-ն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

15 Մայիսի 2024, 21:18

Քաղաքականություն

Հայաստանի Եվրոպական համալսարանի ուսանողական խորհուրդն իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

«Լինելով այս պետության իրավագիտակից քաղաքացիներ՝ մեզ համար մտահոգիչ են երկրում ահագնացող ներքին և արտաքին լարվածությունը, պետականության և ինքնության խորացող ճգնաժամը: Այս իրավիճակում, երբ խնդիրը ոչ այնքան քաղաքական է, որքան համազգային և համապետական՝ մենք անտարբերությունը և կրավորական կեցվածքը համարում ենք հանրային դասալքություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն գոյաբանական մարտահրավերների առաջ և ուրվագծելով պետական արդյունավետ կառավարման հեռանկարի բացակայությունը՝ Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողական խորհուրդը իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նրա առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին։

Հաշտեցման օրակարգը այլընտրանք չունի, ներքին համերաշխությամբ և մեր ներուժի համախմբմամբ միայն կարող ենք հանգուցալուծել առկա սպառնալիքները՝ հանուն Հոգևոր Հայաստանի»,- ասվում է հայտարարության մեջ։