Եվրոպական շուրջ 50 քաղաքում հանուն Արցախի ակցիաներ են կազմակերպվելու․ Գասպար Կարապետյան
27 Հունվարի 2024, 00:44
Հունվարի 27-ին և 28-ին եվրոպական ավելի քան 50 քաղաքում ակցիաներ են անցկացվելու։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը:
«Վաղը սկսելու են ակցիաները տարբեր քաղաքներում։ Նույն ձևով չեն լինելու բոլոր ակցիաները։ Նախկինում կազմակերպվածները, որոնք տեղի ունեցան հոկտեմբերի 1-ին՝ «Եվրոպացիներ հանուն Արցախի», 24 քաղաքում նույն օրը տեղի ունեցան, իսկ 25-րդը եղավ Գրանադայում հոկտեմբերի 5-ին։ Այս անգամ որոշեցինք, որ ավելի մեծ քաղաքներում կլինեն ակցիաները։ Յուրաքանչյուր քաղաքում տեղի բնակիչները կորոշեն, թե ինչպես կազմակերպեն դրանք։ Մի քաղաքում հայկական հուշակոթողների առջև կլինեն հավաքներ, մեկ այլ քաղաքում դրանք տեղի կունենան եկեղեցիներում պատարագներից հետո, քաղաքական էլիտայի, ժողովրդի ներկայությամբ, հավանաբար, մշակութային կենտրոններում ևս կփորձենք դրանք կազմակերպել։ Վաղը, այս պահի դրությամբ՝ 50 քաղաքում կլինեն ակցիաներ, դա վերջնական չէ, այս թիվը կավելանա»,- ասել է մեր զրուցակիցը։
Կարապետյանը նշել է, որ Թբիլիսիի հայկական համայնքն էլ է միացել ակցիաներին։
«Ակցիաները շարունակվելու են կիրակի՝ հունվարի 28-ին ։ Մամուլի համար հայտարարություն կանենք ու կհայտարարենք, թե ինչու ենք այդ ամենը ձեռնարկել , ինչպես նաև կներկայացնենք մեր հիմնական պահանջները։ Իսկ հիմնական պահանջը հետևյալն է՝ հայ գերիների, առևանգված Արցախի նախկին ղեկավարության վերադարձը Երևան, արցախցիների իրավունքի պաշտպանությունը, նրանց վերադարձը պապենական հողեր՝ միջազգային երաշխիքներով ու այն կարգավիճակով, ինչպես Արցախի ժողովուրդը կորոշի։ Բացի այդ, պետք է ապահովել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հայկական պետության գերիշխանությունը, վերջ տալ Ադրբեջանի սպառնալիքներին, ինչպես նաւ ադրբեջանցիներին հեռացնել Հայաստանի Հանրապետության տարածքից»,- նշել է Գասպար Կարապետյանը։