Եվրոպական խաղերում Հայաստանի դրոշակակիրը լինելը մեծ պատիվ էր. Լևոն Աղասյան

23 Հունիսի 2023, 09:54

Սպորտ

Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը ArmSport-ի հետ զրույցում ամփոփել է իր և Հայաստանի թիմի ելույթները Եվրոպական ամառային երրորդ խաղերում:

Հիշեցնենք՝ Աղասյանը Կրակովում ընթացող ամառային Եվրոպական խաղերում առաջին տեղն է գրավել հեռացատկ մարզաձևում: Նա ցույց է տվել 16 մ 36 սմ արդյունք՝ 45 սմ-ով առաջ անցնելով երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մարզիկներից: Հայաստանի աթլետիկային հավաքականը երրորդ դիվիզիոնում 15 երկրների պայքարում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

«Արդյունքիցս չեմ կարող ասել, որ գոհ եմ, բայց հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, կարող եմ ասել՝ ուրախ եմ, որ առաջին հորիզոնականը զբաղեցրի: Երկրորդ տեղը զբաղեցրած Ադրբեջանի ներկայացուցչի ցույց տված արդյունքը գերազանցեցի 45 սմ.-ով, ինչը բավական մեծ տարբերություն է: Գիտեմ, որ կարող էի ավելին ցատկել, ու ամեն ինչ կանեմ՝ հետագա մրցաշարերում ցուցանիշս բարելավելու համար: Ամեն դեպքում, ինչպես ցանկացած մրցում, սա ևս կարևոր փորձառություն էր՝ ցատկն ուղղելու ու հետագա սխալները շտկելու տեսանկյունից»,- ասում է Լևոն Աղասյանը՝ ընդգծելով, որ Լեհաստանում անցկացվող Եվրոպական խաղերն իր բարձր մակարդակով և կազմակերպվածության առումով չի զիջում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին: