Եվրոպան և Հոլիվուդը նվաճած բալետի պարուհին․ Թամարա Թումանովա
02 Մարտի 2026, 22:07
Թամարա Թումանովան 20-րդ դարի համաշխարհային բալետի ամենավառ դեմքերից մեկն է։ Ժամանակին նրան անվանել են «Ռուսական բալետի սև մարգարիտ»։ Նրա կյանքն արտագաղթի, որոնումների և հաղթանակի պատմություն է։
Թումանովան ծնվել է 1919 թվականի մարտի 2-ին Տյումենում՝ Վլադիմիր Թումանովի (Թումանյանց) և Եվգենյա Թումանովայի ընտանիքում։ Հայրը զինվորական էր, մասնակցել է ռուս-ճապոնական և Առաջին համաշխարհային պատերազմներին, իսկ մայրը սերում էր իշխանական Թումանիշվիլիների տոհմից։ Հեղափոխությունից հետո ընտանիքը ստիպված էր լքել Ռուսաստանը՝ թափառելով Շանհայի և Կահիրեի փախստականների ճամբարներում, նախքան Փարիզում հաստատվելը։ ենց այնտեղ փոքրիկ Թամարան առաջին անգամ առնչվել է արվեստի աշխարհին՝ տեսնելով Աննա Պավլովայի ելույթը, որն էլ կանխորոշել է նրա ճակատագիրը։
Փարիզում Թումանովան սկսել է երաժշտական կրթություն ստանալ և շուտով ընդունվել է Օլգա Պրեոբրաժենսկայայի բալետի դպրոց։ Նրա տաղանդն այնքան ակնհայտ էր, որ 10 տարեկանում նա իր դեբյուտն է նշել Փարիզի օպերայի մանկական բալետում: 1930-ականների սկզբին նրան նկատել է Ջորջ Բալանչինը, որը երիտասարդ բալերինային հրավիրել է Մոնտե Կառլոյի «Ռուսական բալետ»։
1930-ականների կեսերից Թումանովան փայլել է Եվրոպայի առաջատար բեմերում՝ Փարիզի «Գրանդ օպերա»-ում, Միլանի «Լա Սկալա»-ում, Լոնդոնի «Քովենտ Գարդեն»-ում։ Նրա համար ներկայացումներ էին բեմադրում խոշորագույն խորեոգրաֆներ Սերժ Լիֆարը, Լեոնիդ Մյասինը, Բալանչինը, Բրոնիսլավա Նիժինսկայան։ Նրան մասին ասում էին՝ «ծնվել է բալետի համար», իսկ քննադատները նշում էին քնարականության և դրամայի եզակի համադրությունը նրա պարում։
1940-ականներին Թումանովան տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նրան աջակցել է ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը։ Նա նկարահանվել է «Իսպանական ֆիեստա» (1942), «Օր ու գիշեր» (1946), «Խորը կապույտ ծով» (1955), «Սեփական կյանքը» (1954) ֆիլմերում: Նրա էկրանային դերերը համատեղում էին պարը և վարպետությունը։
1944 թվականին Թումանովան ամուսնացել է սցենարիստ Քեյսի Ռոբինսոնի հետ, սակայն այդ ամուսնությունը տևել է 11 տարի։ Նա շարունակել է ելույթներն ու դասավանդումը՝ մնալով ռուսական բալետի խորհրդանիշ։ Թումանովան մահացել է 1996 թվականի մայիսի 29-ին Սանտա Մոնիկայում (ԱՄՆ) և թաղվել Hollywood Forever գերեզմանատանը՝ մոր կողքին։
Թամարա Թումանովան պատմության մեջ մտել է որպես 20-րդ դարի մեծագույն բալետի պարուհիներից մեկը։ Նրան անվանում էին «սև մարգարիտ», «բեմի թագուհի», «կանացիության և վեհության մարմնավորում»։ Նա դարձել է խորհրդանիշ այն բանի, թե ինչպես կարող են տաղանդն ու համառությունը ներգաղթյալի ճակատագիրը վերածել համաշխարհային մասշտաբի լեգենդի։