Եվրոպան մեզ մի բան է խոստացել՝ Ադրբեջանի դեմ սանկցիա չի լինելու. Լարիսա Ալավերդյան

09 Սեպտեմբերի 2023, 14:39

Քաղաքականություն

ԱԺ խոսնակը՝ դեռ ծանոթ չլինելով «Հռոմի ստատուտի» բավանդակությանը, որի մասին ինքն էլ է նշում, համոզված ասում է, որ Ազգային ժողովն, ամենայն հավանականությամբ, այն պատրաստվում է վավերացնել: Մինչդեռ, Alpha News-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշում է, որ անգամ ԱՄՆ-ն է հրաժարվել այդ կանոնադրությունը վավերացնելուց, նշելով, որ փաստաթուղթը չի համապատասխանում իր ազգային շահերին:

Ալավերդյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փաստաթուղթը ստորագրելու անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ մեր դեմ ևս իրականացվել են հանցագործություններ: Ըստ Ալավերդյանի, սակայն, միայն առաջին հայացքից է թվում, թե Սիմոնյանը խոսում է Ադրբեջանի մասին: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանն ընդգծում է՝ Ալեն Սիմոնյանն անգամ չի հիշատակում Ադրբեջանի անունը:

Ալավերդյանն այստեղ որոշակի միտում է տեսնում՝ Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտնում միայն վավերացվելուց հետո, իսկ դա նշանակում է, որ կանոնադրությունն ընդունելուց առաջ կատարված հանցագործության դեպքերի վրա այն չի կարող տարածվել:

Ալավերդյանը հիշեցնում է՝ այն ժամանակ, երբ փաստաթուղթը դրվել էր շրջանառության մեջ, Միջազգային քրեական դատարանը ուներ այլ գործելաոճ ու նպատակներ, իսկ հիմա ամեն ինչ այլ է: Այն հարցին, թե այս քայլով արդյոք Հայաստանն՝ ինքը, Ռուսաստանին պարտադրված հեռանալու մանդատ չի տալիս, Ալավերդյանը պատասխանում է.

«Եթե չկա այն պարզ պատկերացումը, որ այս վարչակազմը եկել է հստակ, երկակի միասնական նպատակով՝ Արցախն օր առաջ ամբողջովին եւ միանգամից բռնակցել Ադրբեջանին, իսկ Հայաստանը դարձնել Թուրքիայի եւ Ադրբեջանի կցորդը, ապա այդպիսի հարցեր մենք անընդհատ տալու ենք»:

Ալավերդյանին անհանգստացնում է Հայաստանի իշխանությունների քայլերին Ռուսաստանի արձագանքը: «Բացեիբաց մեզ ասվում է, որ այդ քայլին ենք գնում, այն էլ՝ այս աշխարհաքաղաքական մթնոլորտում»,- արձանագրում է նա:

Հարցին, թե իշխանությունը, փաստորեն, որոշել է հայ-ռուսական հարաբերություններն էլ սկսել զրոյական կետից, Ալավերդյանն պատասխանում է՝ «զրո հայտարարվում է, ու գալիս է խորը մինուսի»: Ալավերդյանի խոսքով՝ տարիների ընթացքում միջազգային հարաբերությունների խոշոր սուբյեկտները միշտ էլ ուսումնասիրել են Հայաստանի վարքագիծը միջազգային հարթակներուն: Նրա խոսքով, Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ու բանավոր կերպով քարտեզ սահմանագծելը, նույնպես, նորմալ չի ընդունվել աշխարհի կողմից:

«Տեսնում են, որ մի պետություն, դարեր շարունակ ունենալով ստրատեգիական հարաբերություններ տարբեր համակարգերում, այդպես ապերախտ է իրեն դրսևորում: Ոչ թե մեղմ նրբանկատությամբ, դիվանագիտական գործիքակազմ է օգտագործում, այլ գռեհկորեն հարձակվում է սեփական դաշնակցի վրա»,- ասում է Ալավերդյանը:

Ալավերդյանն արձանագրում է՝ «մեր ապերախտությունը» նույն Եվրոպայի կողմից աննկատ չի մնացել: Այնտեղ արդեն հասկացել են, թե Հայաստանն ինչպես է վերաբերվում իր դաշնակիցներին՝ ի դեմս Ռուսաստանի: Անդրադառնալով Եվրոպայից սպասվող Հայաստանի ակնկալիքներին՝ Ալավերդյանը նշում է, որ մինչ օրս Եվրոպան Հայաստանին միայն մի բան է խոստացել՝ «Բորելը նորից կրկնել է, որ Ադրբեջանի դեմ սանկցիա չի լինելու»: