Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավարը հրավիրվել է Բրյուսելում ԼՂ բանաձևի մասին լսումներին. Գևորգյան
24 Մարտի 2025, 19:17
Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին տեղի կունենան լսումներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի շուրջ, որն ամիսներ առաջ առաջարկվել է դաշնային պատգամավորներ Էլս Վան Հուֆի և Միշել դը Մաեգդի կողմից։
Բանաձևի առանցքային կետերից են արցախահայության անվտանգ վերադարձի հարցը, Ադրբեջանի թշնամական հռետորաբանությունը, հայ գերիների ազատ արձակումը ու շատ այլ հարցեր։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի լրատվական կապերի պատասխանատու Արամ Գևորգյանի հետ:
«Այս բանաձևում գերիների մասին նոր կետեր կան: Նշվում է, որ գերիները պիտի ազատ արձակվեն, պիտի ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա:
Լսումներին հրավիրված է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավարը՝ Գասպար Կարապետյանը: Ինչ նա ներկայացնելու է լսումներին, դա մեր գրասենյակի տեսակետն է: ՀՀ իշխանության ներդրումն էլ պիտի լինի այս լսումներին»,- ասել է մեր զրուցակիցը:
Նա անդրադարձել է նաև հայերի՝ Բաքվում ընթացող շինծու դատավարություններին:
«Խոսվելու է ոչ միայն գերիների ազատ արձակման պահանջի, այլև Բաքվում նրանց կեղծ, շինծու դատավարությունների մասին: Դրանք գաղտնի են ընթանում ու մենք տեղեկություններ ստանում ենք միայն ադրբեջանական լրատվամիջոցների միջոցով, որոնք գրում են այն, ինչ ուզում է կառավարությունը»,- ասել է Արամ Գևորգյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: