Հայաստանը պետք է Եվրոպային ՝ ցույց տալու համար, որ նրանք Ռուսաստանից պոկել են ևս մեկ երկիր. Մաքսիմ Վասկով

Քաղաքագետ Մաքսիմ Վասկովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծին,որն այսօր երկրորդ ընթերցմամբ հաստատել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։

Ըստ փորձագետի՝ Հայաստանը պետք է Եվրոպային, որ ցույց տա՝ իրենք ևս մեկ երկիր են պոկել Ռուսաստանից։

«Այժմ մենք հիանալի տեսնում ենք Եվրոպական միության կողմից Ռուսաստանի հետ գլոբալ առճակատումը։ Դա մենք տեսնում ենք նրանց հռետորաբանությունից և քաղաքական գործողություններից։

Հիմա տեսնում ենք նաև ամերիկացիների փոխված դիրքորոշումը։ Եվրամիությունն ընտրել է իր ճանապարհը: Եվ սրանից ելնելով պետք է դիտարկել այն իրավիճակը, որ տեղի է ունենում Հայաստանում։

Հայաստանը Եվրոպային պետք է առաջին հերթին քարոզչական նպատակներով՝ ցույց տալու համար, որ իրենք Ռուսաստանից պոկել են ևս մեկ երկիր, որ ևս մեկ երկիր անցել է եվրոպական շարքերը՝ հրաժարվելով աշխատել Ռուսաստանի հետ։

Իմ խորին համոզմունքն է, որ հայ ժողովրդի շահերը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վերականգնումն ու զարգացումն է՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ»,- ասել է Վասկովը։

Փորձագետի կարծիքով՝ անհասկանալի է, թե Եվրոպան ինչ երաշխիքներ կարող է տալ Հայաստանին, եթե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։

«Ռազմավարական առումով Եվրոպական միությանը Հայաստանը, որպես այդպիսին, իմ կարծիքով, բացարձակապես պետք չէ։ Նրանք կարող են դա օգտագործել այն իրավիճակային պահերին, իսկ հետո վերջնագիր ներկայացնել, թելադրել այն պայմանները, որոնք ձեռնտու կլինեն նրան Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման գործընթացի ավարտից հետո, եթե այն ավարտվի։ Իսկ թե ինչպես է Եվրոպան օգնում, մենք շատ լավ տեսնում ենք։

Կարծում եմ ՝ նույնը կլինի նաև Հայաստանում, հիմա խոստանում են ինչ ասես, բայց հարց է, թե ինչ երաշխիքներ կարող են իրականում տալ՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Եվ ինձ հետաքրքիր է, թե ինչպես նրանք կկարողանան իրականացնել անվտանգության խոստումներն՝ ունենալով Թուրքիան ՆԱՏՕ-ում:

Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցության խոստումներին, ապա կարող են ինչ-որ բան տրամադրել, բայց դա կլինի զուտ իրավիճակային։ Մենք տեսնում ենք, թե որտեղ են նրանք հիմա ծախսում իրենց տպած միլիարդները, և ես այնտեղ չեմ տեսնում ինչ-որ գլոբալ ռազմավարական շահեր Հայաստանի համար»,- եզրափակել է Վասկովը։