Եվս մեկ քայլ դեպի ՀՀ-ԵՄ ավելի սերտ համագործակցություն. Կալասը՝ ՀՀ-ին 20 միլիոն եվրոյի աջակցության մասին

30 Հունվարի 2026, 12:00

Քաղաքականություն

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մեկնաբանել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջականերում Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու որոշումը։

Կալասի մեկնաբանությունը հրապարակվել է Եվրոպական խորհրդի կայքում։ «Եվրոպական խաղաղության հիմնադրամի այս օգնության միջոցառումը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն: Այս միջոցառմամբ ԵՄ-ն ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմադրողականությանը, որը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը»,-ասել է նա:

ԵՄ Խորհուրդն ընդունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշում։ Խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության համաձայն՝ աջակցության նպատակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է՝ կենտրոնանալով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա: