ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները
11 Նոյեմբերի 2024, 20:00
«Մենք շատ սերտորեն համագործակցում ենք Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 46 երկրների հետ, ունենք գրասենյակներ և՛ Բաքվում, և՛ Երևանում»,- Alpha News-ին ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն՝ պատասխանելով Ստրասբուրգում կայացած Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի շրջանակներում Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման մասին հարցին։
Խոսելով այն մասին, թե ինչ ուղերձ կցանկանար հղել Բաքվում COP29 գագաթնաժողովի նախօրեին՝ հաշվի առնելով երկրում առկա խնդիրները, Բերգեն նշել է.
«Մենք շատ սերտորեն աշխատում ենք մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հետ կապված տարբեր նախագծերի շուրջ»:
Նա հրաժարվել է այս հարցի վերաբերյալ այլ մեկնաբանություն տալ, իսկ հարցին, թե խնդիրներ տեսնո՞ւմ է, Բերգեն պատասխանել է.
«Չեմ մեկնաբանում»:
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակությունը զրկվել էր կառույցում աշխատելու հնարավորությունից այս տարվա հունվարին, երբ ԵԽԽՎ-ն քվեարկեց պատվիրակությանը լիազորություններից զրկելու օգտին։ Ի պատասխան՝ պաշտոնական Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել 76 եվրոպացի պատգամավորներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության աշխատանքին և արգելել նրանց մուտքը երկիր։