(EXCLUSIVE) Ադրբեջանը չի կարող մեզ հետ խոսել պահանջների և հրամանների լեզվով. ԵԽԽՎ նախագահ

10 Հոկտեմբերի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

«Ես համաձայն չեմ, որ ԵԽԽՎ-ում կոլեկտիվ լռություն է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ, մենք շատ ենք խոսել այդ մասին և, իհարկե, խորհրդարանականներն ազատ են նոր առաջարկներ կամ հայտարարություններ անելու Վեհաժողովում և կոմիտեներում», — Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը:

«Ես շատ հանդիպումներ եմ ունեցել, վերջինը տևել է 4 ժամ, և ես չեմ մոռանում, որ հենց ադրբեջանցիներն են փորձել ձգձգել ընթացակարգը, որպեսզի ժամանակ չունենանք մտնել վեհաժողով և բանավեճեր անցկացնել։ Մենք բազմիցս քննարկել ենք այս խնդիրը, և դա չի նշանակում, որ մենք նորից ու նորից չենք անելու դա և չենք խոսելու այն ամենի մասին, ինչ վերաբերում է Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղին։ Մեզ ունենք մի իրավիճակ, երբ ավելի քան 120 հազար մարդ լքել է իր տունը, նրանք ստիպված են եղել հեռանալ, նրանք չեն հեռացել որպես զբոսաշրջիկ։ Ես ճի՞շտ եմ: Բացի այդ, հունվարից հետո իմ և Վեհաժողովի դիրքորոշումն Ադրբեջանի վերաբերյալ չի փոխվել», — նշել է նա։

ԵԽԽՎ ղեկավարը հավելել է, որ այդ իրավիճակը քննարկել է Եվրոպայի Խորհրդի նոր գլխավոր քարտուղարի հետ։

«Մենք շատ բան ենք քննարկել և կոչ ենք անում Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողություններն՝ ապացուցելու, որ մենք կարող ենք քննարկել՝ արդյոք կարող ենք նրանց հնարավորություն տալ վերադառնալ Վեհաժողով։ Ես շատ հիասթափված եմ, որ Ադրբեջանը կազմել է, այսպես կոչված, «ամոթի ցուցակ»՝ արգելելով 76 խորհրդարանականների մուտքը Ադրբեջան։ Շուտով նրանց մոտ կկայանա COP29 (ՄԱԿ-ի Կլիմայի համաժողով), շատ խորհրդարանականներ, որոնց ես անձամբ ճանաչում եմ, սովորաբար հաճախում են նման միջոցառումների, որտեղ էլ որ դրանք անցկացվեն, սակայն այս դեպքում չեն կարողանա մասնակցել:

Ինձ դուր չի գալիս այդ «դիվանագիտության հին դպրոցը», երբ երկու կողմերը շատ պահանջներ են դնում սեղանին, իսկ հետո մեկը հանում՝ կարծես թե զիջելով ինչ-որ հարցում։ Նույնիսկ եթե հիմա նրանք ասեն, որ սխալվել են այդ «ամոթի ցուցակը» հրապարակելով, ես դա բարի կամքի դրսևորում չեմ համարի։ Անշուշտ, նրանք ի սկզբանե չպետք է անեին դա, քանի որ այն, ինչ նրանք արել են, հակասում է Վեհաժողովի և այդ կազմակերպության բոլոր սկզբունքներին։ Նրանք ասացին, որ արգելել են այդ խորհրդարանականների մուտքը, քանի որ դեմ են քվեարկել իրենց։ Բայց դա է ժողովրդավարության իմաստը: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ժողովրդավարությունը պահանջի կամ հրամանի մեջ է, ապա նրանք պետք է դիմեն այլ վայրեր, այլ ոչ թե այս Վեհաժողով:

Մենք հավատարիմ կմնանք մեր տեսակետին որպես Վեհաժողով, մենք չենք մերժում նրանց վերադարձի հնարավորությունը, բայց պայմանով, որ նրանք բոլորը լավ գիտեն՝ կանոնները գոյություն ունեն բոլոր անդամների համար:

Եթե Ադրբեջանում կարծում են, որ իրենք պետք է պահանջեն և հրամայեն, իսկ մենք ենթարկվենք, ապա ոչ, դա տեղի չի ունենա, և ոչ թե նրա համար, որ ես նախագահ եմ, այլ նրա համար, որ այդ Վեհաժողովը մտածում, գործում և քվեարկում է այնպես, ինչպես պետք է ժողովրդավարական գործող կազմակերպությունը, որը ոչ թե նշանակվում է, այլ ընտրվում։ Երբ ձեզ ընտրում են, դուք ոչ միայն հնարավորություն ունեք, այլև պարտավոր եք ազատ կարծիք հայտնել», — եզրափակել է Ռուսոպուլոսը։