(EXCLUSIVE)Այն փաստը, որ աշխարհը չի նկատել այս էթնիկ զտումը Արցախում, իսկապես զարմացնում է ինձ. Ռոբերտ Քենեդի կրտսեր
09 Հունվարի 2024, 21:30
Արցախը դեռ մ.թ. ա. հայ ժողովրդի հայրենիքն է եղել, և այն փաստը, որ աշխարհը չի նկատել այդ էթնիկ զտումը, իսկապես ապշեցնում է: Այս մասին Alpha News-ին ասել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ խոսելով 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված էթնիկ զտումների և իրենց պատմական հայրենիքից արցախցիների բռնի տեղահանման մասին:
«Ես գնացել եմ Ուոթերթաուն քաղաքի ավագ դպրոց: Եվ ես հայուհի ընկերուհի ունեի՝ շատ գեղեցիկ և խելացի։ Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում ես շրջապատված էի հայերով։ Ովքեր չգիտեն, սա ամենամեծ թաղամասերից մեկն է, որտեղ Ցեղասպանությունից հետո փախստականներ են ընդունել։ Ընկերուհուս ընտանիքը նույնպես վերապրել է Ցեղասպանությունը։ Այնպես որ, իմ դպրոցական տարիներին ես շատ լավ էի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ»:
Քաղաքական գործիչն ընդգծում է՝ Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքը մեծությամբ երրորդ հայկական համայնքն է այդ երկրում՝ Լոս Անջելեսից և Ֆրեզնոյից հետո։
«Կարծում եմ, որ Գլենդելի հայ համայնքը, հավանաբար, նույնպես խոշորագույններից մեկն է։ Ես հաճախ եմ լսել այս ողբերգության մասին, դա գրեթե բոլորի անձնական ողբերգությունն էր, ում հանդիպել եմ: Այն, ինչ ես չեմ մոռանա որպես նախագահ, հայերի պայքարն է հանուն ինքնիշխանության, հանուն երկրի ամբողջականության և վերամիավորման իրավունքի, ներառյալ Արցախը, որը մ.թ. ա. 200 թվականից եղել է հայ ժողովրդի հայրենիքը: Եվ այն փաստը, որ աշխարհը չի նկատել այս էթնիկ զտումը, իսկապես զարմացնում է ինձ, բայց սա այն է, ինչի մասին ես մտադիր եմ խոսել և շարունակելու եմ խոսել և օգտագործել իմ լիազորություններն՝ ամրապնդելու ժողովուրդների համագործակցությունն այս տարածաշրջանում։ Ամեն ինչ անելու եմ Հայաստանի խաղաղ վերամիավորման համար»,- եզրափակել է Ռոբերտ Քենեդի կրտսերը: