Եղե՛ք զգոն և մի տրվեք սադրանքներին. Անդրեյ Արեշև

25 Հոկտեմբերի 2023, 11:00

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպումը 3+3 ձևաչափով։

«Որքանով կարելի է դատել, Թեհրանում կայացած հանդիպմանը կոնկրետ որոշումներ չեն կայացվել, սակայն, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային օրակարգի արդի հարցեր, այդ թվում, իհարկե, մերձավորարևելյան ամենասուր ճգնաժամը, որը կարող է, այսպես, թե այնպես, ազդել Հարավային Կովկասի վրա՝ ի դեպ, հաշվի առնելով Իսրայելի` բավականին ամուր դիրքերն Ադրբեջանում։

Դե, 3+ 3 ձևաչափն, ինքնին, և դա ընդգծված է բազմաթիվ մեկնաբանություններում, կոչված է պաշտպանելու Հարավային Կովկասի տարածաշրջանը արտաքին ուժերի որոշակի միջամտությունից և ազդեցությունից: Դա ոչ թե Իսրայելն է, իհարկե, այլ առաջին հերթին, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը։ Եվ, ի դեպ, նրանք ակտիվորեն շփվում են ոչ միայն Հայաստանի հետ, որի մասին վերջին շրջանում շատ է խոսվում, այլեւ Ադրբեջանի: Մենք գիտենք, որ կա էներգետիկ համագործակցություն, Արևմուտքի և Ադրբեջանի միջև կան փոխգործակցության այլ ձևաչափեր»,- ասել է Արեշևը։

Նրա կարծիքով, տարածաշրջանի խոշոր խաղացողներին անհրաժեշտ է ինքնուրույն լուծել ընթացիկ խնդիրները լոգիստիկ տարբեր ոլորտներում:

«Կարծում եմ, որ Ռուսաստանի և Իրանի համար կարևոր է ապահովել այն անդրսահմանային հաղորդակցությունների անվտանգությունը, որոնք նախատեսվում է իրականացնել, այդ թվում՝ օգտագործելով Հարավային Կովկասի հանրապետությունների տարածքը։ Նկատի ունեմ, առաջին հերթին, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, ինչպես նաև Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև հաղորդակցության խնդրի լուծման որոշ տարբերակներ»,- նշել է Արեշևը։

Խոսելով հանդիպման ձևաչափի կենսունակության մասին՝ Alpha News-ի զրուցակիցն այն համարում է հաջողված և լավ հեռանկարներ ունեցող.

«Կարծում եմ, որ ձևաչափը կենսունակ է և գործունակ՝ առկա խնդիրների քննարկման, կոպիտ եզրերի հարթեցման առումով: Ինձ թվում է, որ նման խնդիրներ, իսկապես, կան։ Դե, և, իհարկե, այն հարցերն ու հակամարտությունների սուր անկյունները, որոնք պահանջում են ավելի օպերատիվ հաղորդակցության մեխանիզմ, կարծում եմ, որ դրանք նույնպես կարող են պահանջված լինել։ Եվ իզուր չէ, որ Սերգեյ Լավրովն ասաց, որ նշանակվելու են լիազոր ներկայացուցիչներ, որոնք, ինչպես հասկանում եմ, կոչվված են պահպանել այս ռեժիմը նախարարների մի հանդիպումից մյուսը, քիչ թե շատ արդյունավետ վիճակում»,- ասել է քաղաքագետը։

Փորձագետը նաև կարծիք է հայտնել հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացման մասին՝ դրանում տեսնելով և՛ դրական, և՛ բացասական շահերը։

«Հայ-ռուսական հարաբերությունները, ցավոք, գնում են դեպի անորոշություն, դրանք հիմնականում պայմանավորված կլինեն հակադիր միտումներով։ Մի կողմից, աճող տնտեսական փոխգործակցությունն է, մյուս կողմից՝ երկու շահագրգիռ կողմերի փորձերը՝ ինչ-որ կերպ փքելու մեր միջև առկա անվստահությունն ու պրոբլեմատիկ խնդիրները։

Կարծում եմ, որ բոլոր առողջ ուժերի խնդիրն է, առաջին հերթին, տեղեկատվական տարածքում ուշադիր հետևել առկա միտումներին, լինել զգոն և չտրվել տարբեր տեսակի սադրանքներին»,- եզրափակել է Անդրեյ Արեշևը։

Հիմա եթերում