ԵԽԽՎ-ն բազմաթիվ պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, իսկ ԼՂ-ի հետ կապված իրավիճակը ոչ մի քննադատության չի ենթարկվում. Մոգենս Յենսեն

25 Հունվարի 2024, 19:40

Կարծիք | Քաղաքականություն

«Ես լսում եմ կտրուկ արտահայտությունները ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի կողմից , նա պարզապես պետք է շատ հստակ պատասխանի այն խնդիրներին, որոնք ԵԽԽՎ նիստում հնչեցվել են վեհաժողովի մյուս անդամ երկրների ներկայացուցիչների կողմից»,- այս մասին Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության լիազորությունները վիճարկելու մասին բանաձևի հեղինակ, դանիացի պատգամավոր Մոգենս Յենսենը:

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի համապատասխանում այն չափանիշներին, որն այդ երկիրը պարտավորվել է կատարել Եվրախորհրդին անդամակցելիս։
Հիշեցնենք՝ նախօրեին ԵԽԽՎ-ում բանաձև է ընդունվել, որով Վեհաժողովը հրաժարվել է վավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, և այն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ում աշխատանքից:

«Մենք շատ խախտումներ ունենք բոլոր երեք հիմնական արժեքների վերաբերյալ՝ օրենքի գերակայություն, ժողովրդավարություն և մարդու իրավունքներ։ Այն, ինչ մենք պետք է հստակ ասենք Սեիդովին և պատվիրակությանը, այն է, որ դուք պետք է սկսեք հարգել այդ արժեքները: Եթե դուք շարժվեք այդ ուղղությամբ, ապա կրկին տեղ կունենաք Եվրոպայի խորհրդում։ Բայց քանի դեռ իրավիճակը վատթարանում է, մենք տեսնում ենք ավելի շատ քաղբանտարկյալներ, ավելի շատ լրագրողների ձերբակալություններ, մենք տեսնում ենք շատ դաժան գործողություններ և խոշտանգումներ Ադրբեջանում իրավապահ մարմինների կողմից: Միայն Ադրբեջանը կարող է ինչ-որ բան անել այդ հարցում։ Այսպիսով, իրենք են որոշում՝ ուզում են վերադառնալ, թե ոչ: Մենք ցանկանում ենք տեսնել իրավիճակի շտկումը, մենք ցանկանում ենք, որ նրանք գնան համագործակցության», — նշել է Յենսենը։

Անդրադառնալով Սեիդովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը «ժողովրդավարական երկիր է», իսկ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, տարածքային ամբողջականության իրավաչափ վերականգնում է և այն, թե որքան «ժողովրդավարական» է Ադրբեջանի ագրեսիայի մեթոդը, որն առաջացրել է ողջ բնակչության արտագաղթը, բանաձևի հեղինակը նշել է, որ այդ խնդիրը նաև Վեհաժողովի ընդունած որոշման մի մասն է:

«Լեռնային Ղարաբաղի բնակիչների վտարման հետ կապված իրավիճակ է եղել։ Սա, իհարկե, շատ լուրջ է և ոչ մի քննադատության չի ենթարկվում։ Բայց ես նաև պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանը ձախողվել է մի շարք այլ ոլորտներում, որոնք ԵԽ հիմնարար արժեքներն են։ Ադրբեջանը չի կատարում դրանք, և ես կարծում եմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում կարելի է հաշվել մինչև 14 տարբեր բանաձևեր, որտեղ Ադրբեջանը քննադատության է ենթարկվել։ Ուստի կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու որոշեցինք չվավերացնել պատվիրակության լիազորությունները», — ասել է դանիացի պատգամավորը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամ:

«Սա ազդանշան է Ադրբեջանի համար՝ հեռացնելով պատվիրակությանը, մենք ցանկանում ենք բարելավում տեսնել, մենք ուզում ենք, որ նրանք համապատասխանեն այն չափանիշներին, որոնց տակ ստորագրել են։ Մենք երկար ժամանակ փորձել ենք Ադրբեջանին ճիշտ ուղու վրա դնել, բայց չենք տեսել, որ նրանք հետևեն դրան։ Ադրբեջանը պետք է ցույց տա և ապացուցի, որ ցանկանում է եվրոպական ընտանիքի մաս կազմել», — եզրափակել է բանախոսը։