ԵԽԽՎ-ն երկակի ստանդարտներ ունի և չի պայքարում Լեռնային Ղարաբաղի հայերի համար. Փոլ Գավան

«Բարեբախտաբար, հունվարին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը մերժեցին հաստատել իրենց լիազորությունները, ինչը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ուղղակի հետևանք էր»,- Alpha News-ին ասել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մի շարք բանաձևերի հեղինակ, Իռլանդիայից Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ սենատոր Փոլ Գավան:

«Ես հպարտ եմ, որ այն խորհրդարանականներից մեկն եմ, որ ոտքի կանգնեց և պնդեց, որ իրենք (ադրբեջանական պատվիրակությունը (խմբ.) այս տարի ներկա չլինեն ԵԽԽՎ-ում։ Այսօր լիագումար նիստում ես պատրաստվում եմ հարց ուղղել Նախարարների կոմիտեին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ նրանք կշարունակեն չլինել ԵԽԽՎ-ում:

Այս վեհաժողովը պետք է պաշտպանի մարդու իրավունքները, որը պետք է լինի մեր աշխատանքի հենց կենտրոնում։ Եվ ինձ համար միանգամայն անընդունելի կլինի ադրբեջանական պատվիրակության վերադարձն այդ վեհաժողով, այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դեռ գտնվում է վտարանդի վիճակում, և նրանց չի տրվում իրենց հայրենիք անվտանգ վերադարձի երաշխիքներ և չեն տրամադրվում իրենց հայրենիքում պաշտպանության և անվտանգության մեխանիզմներ:

Ես շատ հստակ հասկանում եմ միջազգային լուծումը, միջազգային պաշտպանությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, բարեկեցությունը և մարդու իրավունքները, և լավատես չեմ այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է։ Ես կարծում եմ, որ ԵԽԽՎ-ն երկակի ստանդարտներ ունի, նա սիրում է պաշտպանել ոմանց, օրինակ՝ Ուկրաինային, բայց չի պայքարում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Հայաստանի համար։ Վեհաժողովը չի պաշտպանում նաև քուրդ եղբայրներին ու քույրերին, Պաղեստինի ժողովրդին: Այստեղ երկակի ստանդարտներ կան, և իմ նպատակն է բացահայտել դրանք»,- ընդգծել է Փոլ Գավան։

Խոսելով Իռլանդիայից Եվրախորհրդարանում առաջադրվելու իր ծրագրերի մասին՝ նա վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում ինքը կշարունակի պաշտպանել հայերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերին։

«Մեզ պետք են մարդիկ, որոնք հանդես կգան հանուն արդարության և միջազգային համերաշխության։ Այս պահին մենք ունենք մարդիկ, որոնք ընտրողաբար են մոտենում մարդու իրավունքներին, ինչը նշանակում է, որ նրանք ընդհանրապես չեն հավատում դրանց։ Հուսով եմ, որ այս փոփոխությունը կկատարեմ իմ աշխատանքում, եթե ընտրվեմ Եվրոպական խորհրդարանում, և կոչ եմ անում Իռլանդիայում ապրող բոլոր հայերին գալ և աջակցել ինձ այս օրը: Ես մեծ փորձ ունեմ Հայաստանին աջակցելու հարցում, և իմ նվիրվածությունը դրանում երբեք չի փոխվի», — նշել է նա։

Հիմա եթերում