ԵԽԽՎ-ն հասել է աբսուրդի ծայրահեղ մակարդակի՝ փորձելով արդարացնել Ադրբեջանին. Փոլ Գավան
11 Հոկտեմբերի 2023, 11:35
«Ինչպես գիտեք, Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանության մարմին է, նրա գործն է պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ Ցավոք, այստեղ դա, երբեմն, տեղի չի ունենում։ Եվ ես ոչ մի կերպ չեմ կարող դիմադրել, որպեսզի չհամեմատեմ, օրինակ, Ռուսաստանի դեմ այստեղ կիրառված պատժամիջոցները և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների բացակայությունը։ Բավական չէ միայն ասել, թե ինչ է կատարվում, մենք պետք է տեսնենք գործողությունները։ Բայց ես ուզում եմ անկեղծ լինել Ձեզ հետ, ես լավատեսություն չունեմ, որ ինչ-որ գործողություն կհետեւի», — ասել է իռլանդացի խորհրդարանական, ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու բանաձեւերի հեղինակ Փոլ Գավանը՝ պատասխանելով Alpha News-ի հարցին:
Խոսելով այն մասին, թե կա՞ հնարավորություն և ի՞նչ պայմաններում հայերը կարող էին տուն վերադառնալ, նա նշել է.
«Հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, հաշվի առնելով Ադրբեջանի ռեժիմը, հաշվի առնելով այն մեթոդները, որոնք օգտագործվում են այնտեղ, դա ավտորիտար ռեժիմ է, այդ ռեժիմը չի համապատասխանում ժողովրդավարության արժեքներին: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ: Եվ ես կցանկանայի մատնանշել Ադրբեջանի ժողովրդի և երկրի ռեժիմի տարբերությունը։ Այսպիսով, ինչպե՞ս կարելի է վստահություն ունենալ: Ես նախընտրում եմ անկեղծ լինել: Արդյո՞ք սա պետք է լինի այդ կազմակերպության աշխատանքը՝ փորձել նման պայմաններ ստեղծել: Բացարձակապես՝ ոչ: Բայց, եթե իրատես լինեք, ինչպե՞ս կարող եք դա անել մի ռեժիմի հետ, որն անընդհատ ասում է մի բան և անում մեկ այլ բան: Եվ տարիներ շարունակ այդ խնդրվերաբերյալ բացահայտ եստում է»։
Խոսելով այն մասին, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և եվրոպական ինստիտուտների, չկարողացավ համարժեք արձագանքել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումներին, նա ընդգծեց, որ դա մեծ մտահոգություն է առաջացնում:
«Մտահոգիչ է, երբ տեսնում ես, թե ինչպես ԵՄ բարձր ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, փաստացի, լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և ակնհայտ է դառնում, որ նավթն ու գազը շատ ավելի կարևոր են, քան մարդու իրավունքները։ Բացի այդ, ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում լինելու են ծայրահեղ աջերի իրավունքների վերաբերյալ քննարկումներ, իսկ զեկուցող է նշանակվել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը: Ստացվում է, որ դուք ունեք ռասիստական քաղաքականության ձեր սեփական պրակտիկանտը, որը զեկույց կներկայացնի, թե ինչպես պայքարել դրա հետ: Աբսուրդի ի՞նչ մակարդակի ենք հասել այստեղ»,- ասել է պատգամավորը։
Նշենք, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի կողմից ներկայացվելիք զեկույցը հիմնվելու է եվրոպական արժեքների առաջխաղացման և ատելության խոսքի դեմ պայքարի անհրաժեշտության վրա: