ԵԽԽՎ-ն Հայաստանին հորդորել է տեղեկատվություն տրամադրել լրտեսող ծրագրերի օգտագործման վերաբերյալ

12 Հոկտեմբերի 2023, 15:30

Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հորդորել է 5 երկրների, այդ թվում՝ Հայաստանի կառավարությանը, 3 ամսվա ընթացքում տեղեկատվություն տրամադրել լրտեսական ծրագրերի օգտագործման վերաբերյալ։

ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որտեղ մասնավորապես նշվում է, որ լրտեսական ծրագրերը ոչ լեգիտիմ նպատակներով օգտագործվել են Եվրոպայի խորհրդի անդամ մի քանի երկրների կողմից։

Հաստատելով Pegasus-ի և նմանատիպ լրտեսական ծրագրերի և գաղտնի պետական հսկողության մասին բանաձևը՝ Վեհաժողովը հորդորել է Լեհաստանին, Հունգարիային, Հունաստանին, Իսպանիային և Ադրբեջանին անհապաղ և ամբողջությամբ հետաքննել այդ ծրագրերի չարաշահման բոլոր դեպքերը, հայտնաբերման դեպքում պատժամիջոցներ սահմանել և փոխհատուցում տրամադրել տուժածներին։

Բանաձևով նաև կոչ է արվում Եմ անդամ մյուս երկրներին, որոնք, «կարծես, ձեռք են բերել կամ օգտագործել Pegasus-ը», երեք ամսվա ընթացքում պարզաբանել դրա օգտագործումը և այն վերահսկելու մեխանիզմները։ Այստեղ նշվում են Գերմանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների անունները։

Միջազգային իրավապաշտպան կառույցների տվյալներով՝ 2015 թվականից ի վեր աշխարհի ավելի քան 5 տասնյակ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Pegasus լրտեսական հավելվածի միջոցով գաղտնալսել են լրագրողների, ակտիվիստների, քաղաքական գործիչների, իրավաբանների և դիվանագետների։