ԵԽԽՎ-ում բացակայում է հայերի էթնիկ զտման մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ցանկությունը. Փոլ Գավան
10 Հոկտեմբերի 2023, 17:28
Մենք ականատես եղանք, թե ինչպես 100 հազար մարդ էթնիկ զտման ենթարկվեց տարածքից: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է իռլանդացի խորհրդարանական, ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու բանաձեւերի հեղինակ Փոլ Գավանը:
Նրա խոսքով, ցավոք, շրջափակումից հետո Արցախից հայերի զանգվածային արտագաղթի մասին կանխատեսումներն իրականացան։ «Մենք ականատես եղանք նաև ադրբեջանական բանակի ռազմական ագրեսիային, որոնք բառացիորեն տեռորի ենթարկեցին հարյուրավոր տարիներ այնտեղ ապրող մարդկանց։ Նրանք բռնի տեղահանվել են տնից, և տեղի ունեցողը նկարագրող միակ բառը էթնիկ զտումն է, մարդու իրավունքներին ուղղված վիրավորական մարտահրավերը, և դա սարսափելի է», — նշել է Գավանը։
Նշենք, որ հոկտեմբերի 12-ին ԵԽԽՎ-ում տեղի կունենա «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին» զեկույցի քննարկումը: Զեկուցող է նշանակվել խորվաթ պատգամավոր Դոմագա Հայդուկովիչը։
Պատասխանելով հարցին, թե ինչ հումանիտար իրավիճակի մասին է խոսքը Լեռնային Ղարաբաղում այն բանից հետո, երբ հայերը զանգվածաբար լքել են հայրենիքը, Գավանը նշել է.
«Զեկույցն ինձ չի հանձնարարվել, եւ ես կարեւոր եմ համարում բանավեճերի անցկացումը, եւ լիովին համաձայն եմ այն փաստարկի հետ, որ տեղին չէ քննարկել Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը այն բանից հետո, երբ մարդիկ լքել են տարածքը, նրանց ստիպել են դա անել, մենք գիտենք, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը համառորեն դիմադրում է որեւէ բան քննարկելուն։ Ազնիվ կլինի այդ կազմակերպության կողմից, եթե Վեհաժողովն ու ներկայացուցիչներն այստեղ ոչ միայն խոսեն այն մասին, թե ինչը ճիշտ չէ, այլեւ գործողություններ պահանջեն։
Որեւէ համեմատության եզր չկա այն բանի հետ, թե ինչպես վարվեցին Ռուսաստանի հետ և ինչպես պետք է վարվեին Ադրբեջանի հետ։ Մենք պետք է պատժամիջոցներ սահմանենք, հարց բարձրացնենք, թե ինչպե՞ս կարելի է շարունակել մնալ այդ կազմակերպության անդամ։ Ո՞ր փուլում կդադարենք խոսել և կսկսենք գործողություններ պահանջել։ Ես կասեի, որ այս փուլը վաղուց անցել է։ Մենք նախկինում բանաձև ենք ընդունել՝ պահանջելով հնարավորություն՝ լինել Լեռնային Ղարաբաղում: Ո՞րն է այժմ այնտեղ մուտք գործելու իմաստը։ Բոլորին վտարեցին: Եվ հիմա հարցն այն է, թե ինչպես պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Եվ այստեղ ես տեսնում եմ այդ ցանկության բացարձակ բացակայությունը»։