Եզրաս սրբազանի ձեռամբ կատարվել է Թաթարստանում կառուցվող միակ հայկական եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը
29 Սեպտեմբերի 2025, 19:14
Սեպտեմբերի 27-ին Եզրաս սրբազանի ձեռամբ կատարվել է Թաթարստանում կառուցվող միակ հայկական եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը: «Սա մեծ իրադարձություն էր ինչպես տեղաբնակ հայերի, այնպես էլ քաղաքի բազմազգ բնակչության համար, որոնց կարծիքով եկեղեցու կառուցումը նպաստելու է համերաշխության ու փոխհամագործակցության հաստատմանը: Նվիրական օրվա առիթով շնորհավորելով Կազանի հայերին՝ սրբազան հայրն ասաց, որ նորակառույց եկեղեցին համախմբելու ու խթանելու է հոգևոր և ազգային կյանքը, օրհնություն է բերելու նրանց ընտանիքներին։ «Մեր հավատքի հիմքը Քրիստոսն է, որի վրա է հաստատված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հոգևոր կենտրոն աստվածահիմն Սուրբ Էջմիածնով: Եկեղեցի կաոռւցելու աստվածահաճո ձեր այս նախաձեռնությունը գիտակցված հավատքի այդ վկայությունն է»,- ասել է Եզրաս սրբազանը և պատգամել զորեղ պահել եկեղեցասիրության ոգին ու հավատքը:
Հայկական ավանդական ճարտարապետական ոճով նախագծված եկեղեցին ունի 27 մետր բարձրություն: Նախատեսվում է եկեղեցուն կից կառուցել հովվատուն և մշակութային կենտրոն։ Մերօրյա Թաթարստանում սա առաջին հայկական եկեղեցին է լինելու: Հնագիտական հետազոտությունները, սակայն, ցույց են տալիս, որ քաղաքի կենտրոնից ոչ հեռու պահպանվել են հայկական տապանաքարեր, ինչպես նաև հայկական եկեղեցու հետքեր: Արաբ ճանապարհորդ և գիտնական Ահմեդ իբն Ֆադլանը 922 թվականին Վոլգայի երկայնքով ճամփորդելիս գրել է, որ «բուլղար թագավորի յուրդը ծածկված էր հայկական գորգերով»: Ըստ պատմական աղբյուրների՝ հայկական առաջին բնակավայրերը Վոլգայի շրջանում հայտնվել են 11-րդ դարում: Տարածաշրջանում, հատկապես Կազանում ձևավորված հայկական մեծ գաղութի ակտիվ գործունեությունը նպաստել է Կազանի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի կազմում հայագիտության ամբիոնի ստեղծմանը: Այն հիմնադրվել է 1842 թվականին: Հիմնադրումից մինչև 1849 թվականը հայագիտության ամբիոնը ղեկավարել է ականավոր հայ գիտնական և մանկավարժ Ստեփանոս Նազարյանը:
