Ֆեդերացիայից ճնշումներ են գործադրել իմ ընկերների վրա, ասել, որ չաջակցեն ինձ․ Արաս Օզբիլիզ

15 Դեկտեմբերի 2023, 23:14

Սպորտ

Alpha News-ի ուղիղ եթերում ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը հայտարարել է, որ ինքը չի կարող այլևս ֆեդերացիայի հետ աշխատել ու նշել է պատճառները.

«Ես թափանցիկ եմ, իմ ծրագիրը բաց է, ով ուզում է, կարող է նայել: Դա շատ կարևոր է ինձ համար: Ես մինչև վերջ խոսելու եմ սխալների մասին, խոսելու եմ այնքան, մինչև լավ լինի մեր ֆուտբոլի վիճակը: Իսկ եթե ուզում են, որ իմ ծրագիրը օգտագործեն, ոչ մի խնդիր, ես միայն հանուն հայկական ֆուտբոլի եմ արել ամեն ինչ, բայց ես այս պահին չեմ տեսնում, որ իրենց հետ կարող եմ աշխատել: Բացատրեմ՝ ինչու: Այս շաբաթների ընթացքում լիքը բան եմ սովորել, շատ ցավալի բաներ եմ տեսել»,- ասել է Օզբիլիսը:

ՀՖՖ նախագահի թեկնածուն ցավով է նշել, որ իր կարիերայի ավարտին ոչ մի շնորհավորանք չի ստացել ֆեդերացիայից.

«Չէի մտածում, որ իմ հարաբերությունը մի քայլով կարող է փոխվել, բաց ֆեդերացիան ինձ չշնորհավորեց կարիերաս ավարտելու կապակցությամբ: Դա շատ ցավալի է ինձ համար: Ամբողջ աշխարհից ինձ շնորհավորել են հայկական ֆուտբոլում ունեցածս ներդրումների համար, բայց ֆեդերացիան՝ ոչ: Ես ոչ մեկի դեմ չեմ, ես հանուն հայկական ֆուտբոլի եմ անում ամեն ինչ»,- ընդգծել է Արաս Օզբիլիզը:

Նա հայտարարել է, որ ֆեդերացիայից ճնշումներ են գործադրել նաև իր ընկերների վրա, ասել, որ չաջակցեն Արասին.

«Ամբողջ Հայաստանում այս խնդիրը կա. եթե դու մեկի կարծիքը չես կիսում կամ մեկի պես չես մտածում, ասում են՝ իր դեմ ես: Երբ ֆեդերացիայից ճնշում են գործադրում ու զանգում են մոտիկ ընկերներիս, ասում, որ եթե դուք շարունակեք Արասին օգնել, անձնական խնդիր կունենաք: Ես հիմա այդ ֆեդերացիայի հետ ո՞նց աշխատեմ»,- նշել է մեր զրուցակիցը:

Օզբիլիզն անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի հավաքական վերադարձին.

«Մխիթարյանն այն մակարդակի ֆուտբոլիստ է, որ միայն ինքն է որոշելու՝ հետ է գալու Հայաստանի հավաքական, թե ոչ: Իսկ տարիքի մասով՝ լիքը խաղացողներ կան, որ մինչև 40 տարեկան իրենց հավաքականներում խաղացել են: Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ այն խաղացողները, որոնք այդ ճանապարհն անցել են, կարող են շատ մեծ օգուտ տալ մեր հայկական ֆուտբոլին, մեր հավաքականին»,- եզրափակել է Արաս Օզբիլիզը: