ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս»-ի 8-րդ տուրում հաղթել է միայն Շանթ Սարգսյանը

03 Նոյեմբերի 2023, 17:41

Սպորտ

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 8-րդ տուրում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովին: Մանուել Պետրոսյանի, Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքումյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերն ավարտվեցին ոչ ոքի արդյունքով:

8-րդ խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 4 միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 3.5 միավոր։

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը ոչ ոքի է ավարտել պարտիան:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը ունեն 3 միավոր: