Ֆիլմը ահազանգ է այսօրվա իրավիճակին՝ Արցախում ցեղասպանություն են իրականացնում. Իննա Սահակյան
Այսօր, ուղղակիորեն, ցեղասպանում են Արցախի ժողովրդին: Ֆիլմը ահազանգ է այսօրվա իրավիճակին: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանը:
«Կարծում եմ՝ ֆիլմը հումանիտար մեսիջ ունի, մարդու իրավունքների մասին է խոսում: Մենք ունենք մի քանի մրցանակ մարդու իրավունքների փառատոներում, որոնք շատ կարևոր էին մեզ համար: Ֆիլմը կանանց իրավունքների մասին է խոսում նաև, որովհետև առաջին անգամ է, որ մեր ցեղասպանությունը ունի կնոջ պատմություն ու կնոջ օրինակ, պայքարո՛ղ կնոջ օրինակ»,- ասել է Սահակյանը:
Նրա խոսքով՝ ֆիլմը վերաբերում է նաև պատմական անարդարությանը.
«Ֆիլմը այսօրվա իրավիճակի մասին է: Մենք հրավերներ ենք ստանում ֆիլմը դեսպանատներում ցուցադրելու, ցավոք սրտի, պիտի ասեմ, որ պատմությունը ուղղակիորեն կրկնվում է:
Արդեն մեկ անգամ տեղի ունեցած ցեղասպանության մասին ֆիլմը ահազանգ է այսօրվա իրավիճակին: Այսօր ուղղակիորեն ցեղասպանություն են իրականացնում Արցախում՝ ամբողջությամբ նույն սխեմայով: Էլի՛ աշխարհը պատերազմի մեջ է այնպես, ինչպես այն ժամանակ էր, ուշադրությունը այլ տեղում է»,- նշել է Alpha News-ի զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ֆիլմը լուրջ հնարավորություն է՝ Արցախում կատարվողի մասին խոսելու ու աշխարհի ուշադրությունը հրավիրելու ստեղծված իրավիճակին:
Ֆիլմը պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի սարսափելի պատմության մասին: Երբ սկսվել է կոտորածը, Ավրորան 14 տարեկան էր և ապրում էր Օսմանյան կայսրության մի փոքրիկ քաղաքում։ ֆիլմը ցուցադրվում է Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում։