Ֆինլանդիայում օծվել է հայկական առաջին խաչքարը

20 Օգոստոսի 2023, 14:00

Մշակույթ

Օգոստոսի 19-ին Ֆինլանդիայի Էսպո քաղաքի Սուրբ Հերման Ալասկալայնեն ուղղափառ եկեղեցու բակում օծվել է առաջին հայկական խաչքարը։ Խաչքարի օծումը կատարել է Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ, Գերաշնորհ Տեր  Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը՝ մասնակցությամբ Դանիայի հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյաանի։ 

Ինչպես ՕՐԵՐ եվրոպական ամսագրին  հայտնել է Ֆինլանդիա-Հայաստան միության վարչության անդամ Մարինա Դանոյանը, խաչքարը տեղադրվել է  միության նախաձեռնությամբ։ Խաչքարը, որի հեղինակն է քանդակագործ Հովհաննես Ստեփանյանը, ստեղծվել է Ջուղայի խաչքարի նմանությամբ։

Հանդիսավոր արարողությանը ելույթներ են ունեցել ոչ միայն Տիրան Սրբազանը, այլեւ Հելսինկիի և ամբողջ Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոն, ինչպես նաեւ  ուղղափառ  եկեղեցու  վանահայր Պետրի Կորհոնենը։ 

Խաչքարի տեղադրումով նաեւ ֆիննահայ համայնքն է պատմություն կերտում, քանի որ այն առաջին խաչքարն է Ֆինլանդիայի տարածքում։