Ֆլորա Մարտիրոսյան. Գուսանական և ժողովրդական երգերի անզուգական կատարողը
05 Փետրվարի 2025, 23:35
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Փետրվարի 5-ը ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է։
Ֆլորան ծնվել է 1957 թվականին Գյումրիում։ Հայրը՝ Արտաշես Մարտիրոսյանը, սպորտի վարպետ էր, մայրը՝ Սիրանուշը, տնային տնտեսուհի էր, սիրում էր ժողովրդական երգեր երգել։ Հենց նրանից է Ֆլորան ժառանգել իր երաժշտական շնորհը։
Մանկուց Ֆլորան ցուցադրել է իր երգելու ունակությունները, իսկ մանկապարտեզում երգում էր ոչ միայն մանկական, այլև ժողովրդական երգեր՝ «Դլե յաման», «Լանջեր Մարջան», «Մաճկալ», որոնք լսել էր մոր կատարմամբ։
Սովորել է տեղի Ա.Պուշկինի անվան միջնակարգ և Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցներում, ապա` Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: Երգը նրա համար եղել է հոբբի, բայց ամեն ինչ փոխվեց 1973 թվականին, երբ նա հաղթեց «Գարուն-73» մրցույթում, որը շրջադարձային դարձավ Ֆլորայի համար։
1978թ. դարձել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր, որը եղել է երգչուհու առաջին միջազգային հաջողությունը: Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ:
Ֆլորա Մարտիրոսյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-խմբավարական բաժինը։
1987 թվականին ծանոթացել է ապագա ամուսնու՝ հայտնի լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ Մի քանի տարի անց զույգը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ ծնվում են նրանց երեխաները՝ Հենրին և Էլֆրիդան։ 1997 թվականին ընտանիքը վերադարձել է Հայաստան, իսկ 1997-2001 թթ-ին Ֆլորա Մարտիրոսյանը ղեկավարել է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։
2001 թվականին Ֆլորայի ամուսինը նշանակվում է Հայաստանի հանրային հեռուստատեսության ներկայացուցիչը Լոս Ա»նջելեսում, և ընտանիքը կրկին տեղափոխվում է ԱՄՆ։ Չնայած հեռավորությանը՝ Ֆլորան և Հրահատը միշտ կապ են պահպանել իրենց հայրենիքի հետ և ձգտել երեխաների մեջ սեր սերմանել հայ մշակույթի և պատմության հանդեպ:
2002 թվականին Ֆլորան ամուսնու հետ ԱՄՆ-ում հիմնել է Կոմիտասի անվան միջազգային երաժշտական ակադեմիան, որը երաժշտական կրթություն է տալիս տարբեր ազգերի երեխաներին։ 2006 թվականին նա կազմակերպել է Համահայկական երգի փառատոնը, որը հարթակ է դարձել բազմաթիվ երիտասարդ տաղանդների համար։
2007 թվականին Լոս Անջելեսում կայացած մենահամերգի ժամանակ Ֆլորայի երգը լսել է աշխարհահռչակ դերասանուհի Շերոն Սթոունի եղբայրը՝ բանաստեղծ և երգիչ Մայքլ Սթոունը, ով ասել է, որ նա երգում է ինչպես Տիեզերքը։ Այս ծանոթությունն էլ հանգեցրել է «Artists for Peace» միջազգային հիմնադրամի ստեղծմանը, որի նպատակն էր կանխել մարդկության դեմ հանցագործությունները՝ արվեստագետների և նրանց հանդիսատեսի միջև երկխոսության միջոցով:
2011 թվականի նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ֆլորայի առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուանդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ:
Ֆլորա Մարտիրոսյանն ուներ հազվագյուտ ձայն՝ ջերմ, մինչև հոգու խորքը թափանցող, հուզող։ Աշխարհահռչակ երաժիշտ Պեդրո Էուստաչեն Ֆլորայի մասին ասել է․ «Նրա ձայնը հնչում էր դուդուկի նման` իր բոլոր նրբերանգներով, արտահայտչականությամբ»։
Երգչուհու երգերի մեծ մասը նվիրված էր հայրենիքին, իսկ ժողովրդական և աշուղական երգերը նա վերածում էր քնարական երաժշտության գոհարների: Եւ որտեղ էլ երգեր՝ Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, բոլորին գերում էր իր անկրկնելի ու անզուգական կատարմամբ:
Ֆլորա Մարտիրոսյանը կյանքից հեռացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին։