Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամության խմբի իշխող «Վերածնունդ» կուսակցության պատգամավորները հրաժարական են տվել՝ ի աջակցություն Արցախի

30 Սեպտեմբերի 2023, 10:40

Քաղաքականություն

«Բնակչության նկատմամբ դաժան շրջափակումից 9 ամիս անց Լեռնային Ղարաբաղը գտնվում է ագրեսիայի նախաձեռնությունը ստանձնած Ադրբեջանի ուժերի լծի տակ։

Արցախի Հանրապետության՝ այս շաբաթ հայտարարված ինքնալուծարմամբ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայկական ծագում ունեցող բնակիչների կամ նույնիսկ էթնիկ և մշակութային զտումների համակարգված հետապնդման սպառնալիքն ավելի մտահոգիչ է, քան երբևէ:

«Վերածնունդ» կուսակցության պատգամավորները դատապարտում են այս անընդունելի գործողությունները և արդյունքում որոշել են հրաժարական տալ Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամության խմբից», — ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Խմբի նախագահ Սիլվեն Մայարը հայտարարել է, որ «Վերածնունդ» խմբի բոլոր պատգամավորներն իրենց մշտական աջակցությունն են հայտնում հայ ժողովրդին և Հայաստանի տարածքային ամբողջականությունը երբեք չպետք է կասկածի տակ դրվի։

«Ղարաբաղի հայ ժողովուրդը կանգնած է անընդունելի իրավիճակի առջև, որը խախտում է միջազգային իրավունքի նորմերը։ Դա պետք է կանգնեցնի մեզ բոլորիս։ Բարեկամության խմբից հրաժարական տալով՝ մենք հիշեցնում ենք մեր աջակցությունը հայ ժողովրդին», — ասել է խմբի փոխնախագահ Բերտրան Սորրը և հավելել, որ դա բավականին խորհրդանշական է, քանի որ, ցավոք, դա չի կանգնեցնի ընթացող գործընթացը։

«Այնուամենայնիվ, որպես պատգամավոր և մարդ, ես չեմ կարող հավանություն տալ Ադրբեջանի այդ զինված ինտերվենցիաներին և տարածքներ յուրացնելու այդ ցանկությանը։ Ես իմ ընտրատարածքում հայեր չունեմ, ուստի այս որոշումը կայացնելիս չեմ ուզում հաճոյանալ որևէ սփյուռքի», — հավելել Է Սորրը։

Հիմա եթերում