Ֆրանսիան աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների վերսկսմանը

09 Դեկտեմբերի 2023, 17:38

Քաղաքականություն

Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի վերջին համատեղ հայտարարությունը և իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը՝ Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Այս մասին հայտարարություն է արել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը:

Հայտարարությունում ընդգծվում է, որ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ որպես դրական ազդանշան և երկու երկրների բարի կամքի դրսևորումները՝ մասնավորապես գերիների փոխանակման վերաբերյալ։

«Հուսով ենք, որ այս հայտարարությունները առաջին քայլն են բանտարկյալների, գերիների և անհետ կորածների իրավիճակի հարցի կարգավորման ուղղությամբ»,-նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը՝ Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից հավելել են՝ ինչպես բազմիցս ասել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը՝ չի կարող տևական խաղաղություն լինել՝ առանց միջազգային իրավունքը հարգելու, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների միջև սահմանների անխախտելիության։

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հրապարակել էին համատեղ հայտարարություն։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։