Ֆրանսիան չի կարող այնքան զենք մատակարարել, որ ՀՀ-ն կարողանա դիմակայել Թուրքիային կամ Իրանին. Վիգեն Հակոբյան

14 Հոկտեմբերի 2023, 18:10

Կարծիք | Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում ռուս լրագրող և փորձագետ Վիգեն Հակոբյանն ընդգծել է, որ Մակրոնն, իհարկե, ցանկանում է տարածել Ֆրանսիայի շահերը Կովկասում, բայց նրա ցանկությունից իրականությունը գետնի վրա չի փոխվում, քանի որ այնտեղ կան երեք ուժեր, որոնք պատմականորեն մրցակցում են միմյանց հետ:

«Եթե Հայաստանը համարենք բուֆերային գոտի Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ինչպես առաջարկում է Մակրոնը, ապա դա կլինի բուֆերային գոտի Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև։ Ֆրանսիան այստեղ ընդհանրապես կապ չունի։ Եթե մենք վերցնենք Ուկրաինան, ապա, այո՛, դա բուֆերային գոտի Է Ռուսաստանի և Եվրամիության միջև, և այնտեղ լուրջ առճակատում է տեղի ունենում։

Մակրոնն, իհարկե, ցանկանում է Ֆրանսիայի շահերը տարածել Կովկասում, սակայն նրա ցանկությունից երկրի վրա իրականությունը չի փոխվում։ Այնտեղ կան երեք ուժեր, որոնք պատմականորեն մրցակցում են միմյանց հետ, և, այո՛, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը բուֆերներ են այդ երեք առաջատար խաղացողների նկատմամբ։ Ինչու՞ են նրանք հիմա աջակցում 3+3 ձևաչափին, համենայնդեպս, Ռուսաստանն է աջակցում այդ ձևաչափին, ինչպես նաև Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը Հայաստանի հետ։ Միայն Վրաստանն էր դեմ, բայց հիմա փոխում է դիրքորոշումը։

Հայաստանում հիմա վերլուծում ու պնդում են, որ Ռուսաստանի դիրքերը թուլանում են, բայց իրենք չեն գնահատում, օրինակ՝ արդյոք թուլանում կամ ուժեղանում են Ֆրանսիայի դիրքերը տարածաշրջանում։ Իմ կարծիքով, արևմտյան դիրքերպ Անդրկովկասում, նույնպես, շատ թուլանում են, որովհետև ուժեղանում են Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։

Որոշ փորձագետներ Թուրքիայի դիրքորոշման ուժեղացումը դիտարկում են որպես Արևմուտքի ուժեղացում, բայց դրա համար էլ պետական գործիչներ են պետք, որպեսզի ռազմավարական վերլուծությունն ավելի խորը անցկացնեն, նրանք չեն կարող չտեսնել հակասություն Թուրքիայի, Արևմուտքի և ԱՄՆ-ի միջև։

Բարաք Օբամայի օրոք Էրդողանի իշխանությունը ինքնիշխանության լուրջ մակարդակ էր ցուցաբերում Ռուսաստանից զենքի մատակարարման հարցում։ Նույնիսկ հիմա պաղեստինյան խնդրի շուրջ, մենք տեսնում ենք, որ ամբողջ ՆԱՏՕ-ն աջակցում է Իսրայելին, իսկ Թուրքիան աջակցում է պաղեստինցիներին։

Եկեք վերադառնանք Հայաստան և դիտարկենք իրավիճակը Երևանից, չէ որ ինչ-որ տարածաշրջանային կենտրոնների և գլոբալ խաղացողների թուլացումը կամ ուժեղացումը չի նշանակում, որ մենք պետք է ամբողջությամբ ձևափոխենք մեր արտաքին քաղաքականությունը, որի հիմքն արդեն դրված է տասնամյակներ շարունակ։ Այսինքն, եթե մենք գնում ենք մեկ ուղղությամբ, հիմարություն կլինի ակնկալել, որ եթե այդ ուղղությունը թուլանա, մենք կարող ենք արագ վերափոխել բոլոր առաջնահերթությունները, և ասենք՝ դառնալ ՆԱՏՕ-ի գործընկեր։ Դա հնարավոր չէ անել առանց խնդիրների, քանի որ Իրանը դեմ է Անդրկովկասում Արեւմուտքի հզորացմանը, Թեհրանը պնդում է, որ արտատարածաշրջանային ուժերն, ընդհանրապես, չպետք է մասնակցեն տարածաշրջանի քաղաքականությանը: Ռուսաստանը դեմ է, Թուրքիան էլ, առանձնապես, համաձայն չէ։

Տեսեք, Թուրքիան, Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն, ՆԱՏՕ-ի ռազմանավերին թույլ չի տալիս Սև ծով մտնել, բայց նա կարող է ինչ-որ բացառություններ անել և այլն։ Թուրքիան նույնպես շահագրգռված չէ Կովկասում ամերիկյան, գերմանական, ֆրանսիական կամ բրիտանական ռեսուրսների ակտիվացմամբ։ Դա նրա հետաքրքրությունների գոտին է, նրա բուֆերը:

Եվ դրա համար էլ, մենք հիմա հայտարարում ենք, որ, ո՛չ, մենք Արևմուտքի շահերի դիրիժորն ենք լինելու Անդրկովկասում։ Դուք տեսել եք Լավրովի հայտարարությունը։ Ռուսաստանի արտգործնախարարն ուղիղ ասաց, որ Հայաստանը փորձում է տարածաշրջան մտցնել Արևմուտքի ազդեցությունը։ Մենք կարող ենք շարունակել դա անել, բայց ինչո՞վ է դա ավարտվելու։ Ի՞նչ դիվիդենտներ կարող է տալ Ֆրանսիան Հայաստանին, դա կարող է լինել առավելագույնը ֆինանսներ և վարկ։ Թեև արդեն հիմա ակտիվորեն փիառվում է այն թեման, թե Ֆրանսիան Հայաստանին զենք կտա։

Բայց, դուք հասկանում եք, որ Ֆրանսիան չի կարող այնքան զենք մատակարարել, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը կարողանան դիմակայել այնպիսի ուժերի, ինչպիսիք են Իրանը, Թուրքիան և այլն։ Նրանք, միևնույն է, գծելու են իրենց գիծը, ուստի, այստեղ խոսքը պետական ռազմավարության մասին է, դա արտաքին և ներքին քաղաքականությունն է, տնտեսությունը և այլն։

Ես կարծում եմ, որ Հայաստանում, ուղղակի, տեղի է ունեցել այդ ուղղությունների ձախողում, և հիմա, ուղղակի, մեղավորի փնտրտուք է կատարվում։ Եվ դատելով իշխանությունների հայտարարություններից՝ մեղավորին արդեն նշել են՝ դա Ռուսաստանն է։ Բայց դա չի նվազեցնում մեր խնդիրները և երաշխիքներ չի տալիս, որ եթե մենք հիմա ամեն ինչ բարդենք Ռուսաստանի վրա, Ամերիկան անմիջապես նախաձեռնությունը կվերցնի իր ձեռքը և կլուծի բոլոր հարցերը, քանի որ մենք խնդիրներ կունենանք Իրանի հետ», — եզրափակել է փորձագետը։