Ֆրանսիան և Եվրամիությունը պետք է ամուր կանգնեն Հայաստանի կողքին. Ֆրանսուա Քսավիե Բելամի

04 Մարտի 2024, 22:34

Քաղաքականություն

«Ես չեմ կարող ասել, թե ինչ պետք է անի Հայաստանը Ադրբեջանի հարձակման դեպքում, կարող եմ ասել, թե ինչ պետք է անեն Ֆրանսիան և Եվրոպան, և այդ մասին խոսել եմ լիագումար նիստում»,- Alpha News-ի հեր զրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավյե Բելամին՝ պատասխանելով այն հարցին, թե ով կտա անվտանգության երաշխիքներ և կօգնի Հայաստանին Ադրբեջանի հարձակման դեպքում, եթե ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից։

«Շատ պարզ է, թե ինչ պետք է անի Եվրոպան մի իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակում է ուղղակիորեն սպառնալ Հայաստանին, իսկ մենք լսել ենք ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Սադիգովի հայտարարությունները, ով հայտարարել է՝ «հայերը ֆաշիստներ են, և նրանց տեղը Եռաբլուրում է»: Սրանք նրա խոսքերն են, և ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանին։ Լսելով նման սարսափելի խոսքեր՝ մենք պետք է արձագանքենք, կոնկրետ ու անմիջական աջակցություն հայտնենք մեր հայ բարեկամներին»,- ասել է Բելամին և հավելել՝ ուրախ է, որ Ֆրանսիայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարն այցելել է Հայաստան։

Պատասխանելով այն հարցին, թե արժե արդյոք հույս դնել եվրոպական աջակցության վրա այն դեպքում, երբ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը շնորհավորում է Իլհամ Ալիևին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, և դա, կարծես, այն բոլոր հանցագործությունների հաստատումն է, որ Ալիևը կատարել է և շարունակում է կատարել, Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է․

«Այն, ինչի մասին խոսում եմ՝ Հայաստանին աջակցելը, բնականաբար, Եվրոպայի պարտականությունն է, դա այն չէ, ինչ անում է Եվրոպան։ Մենք քաղաքականություն ենք տանում այս ուղղությամբ։ Հուսով եմ, որ Եվրոպական խորհրդարանը ամառային ընտրություններից հետո նոր գումարման ժամանակ ամուր դիրքորոշում կորդեգրի այս հարցի շուրջ առաջիկա տարիներին»։