Ֆրանսիան կոչ է անում ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ հրավիրել

19 Սեպտեմբերի 2023, 17:50

Քաղաքականություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունը՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ, այդ թվում՝ բնակելի գոտների ուղղությամբ։

Հայտարարության մեջ ասված է. «Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել այսօրինակ միակողմանի գործողությունները, որոնք վտանգում են ամիսներ շարունակ տևող ապօրինի շրջափակումից տառապող հազարավոր քաղաքացիական անձանց և հակասում են բանակցային ճանապարհով կարգավորման հասնելու միջազգային հանրության ջանքերին։

Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին` անհապաղ դադարեցնել հարձակումը և հարգել միջազգային իրավունքը։ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճակատագրի միակ պատասխանատուն Ադրբեջանն է»:

Ֆրանսիան կոչ է անում ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել և նշում է, որ սերտ կապի մեջ է եվրոպացի ու ամերիկացի գործընկերների հետ, որ այս անընդունելի հարձակմանը համապատասխան արձագանք տան, քանի որ այն սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: