Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Ֆրանսիայի վարչապետ

25 Ապրիլի 2024, 20:30

Քաղաքականություն

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը։

Ատալը միջոցառման ժամանակ հանդես է եկել ելույթով, որի տեսագրությունը հրապարակել է X-ի իր էջում։

«Այս հիշարժան պահին, երբ երբեմն ամեն ինչ մեզ դրդում է դադարել հավատալ, ես ուզում եմ հույս տեսնել: Հույս, որովհետև Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան: Խաղաղության և համերաշխության հույս եմ ուզում հայտնել, որովհետև մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և, չնայած կորուստներին, երբեք չենք հանձնվում: Հույս, որ ժողովրդավարության, հանդուրժողականության և ազատության մեր ընդհանուր արժեքները կհաղթեն: Հայաստանը վերապրել է դրամաներ, արցունքներ, հարձակումներ»,- իր ելույթում նշել է նա և հավելել, որ ապրիլի 24-ին Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում խոշտանգված ժողովրդին։

Տեսանյութին կից արված գրառմամբ՝ Ատալը նշել է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին խաղաղության և իր սահմանների նկատմամբ հարգանքի համար մղվող պայքարում։

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը ևս միջոցառման մասին հաղորդագրություն է տարածել։

«Ապրիլի 24-ին Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի վարդապետի արձանի առջև, տեղի ունեցավ ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը։

Արարողության ավարտից հետո տեղի ունեցավ ավանդական երթը՝ հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։