Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել

08 Հունվարի 2025, 10:00

Մշակույթ

Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսահայոց թեմի՝ Ալֆորվիլ քաղաքում տեղակայված Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցում հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի նախագահությամբ մատուցվեց Սուրբ պատարագ և կատարվեց Ջրօրհնեքի արարողություն։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։

Հաղորդվում է, որ Սուրբ պատարագին և Ջրօրհնեքի արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, դեսպանության անձնակազմը, Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ֆրանսահայոց թեմի բազմաթիվ հավատավոր հետևորդներ։