Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատարն այցելել է Ծիծեռնակաբերդ

06 Դեկտեմբերի 2025, 23:40

Քաղաքականություն

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատար Հյուգ Մորեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ 

Նշվում է, որ հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: 

Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: 

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։

Այնուհետև Հյուգ Մորեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։