Ֆրանսիայի Սենատի բանաձևը պետք է արթնացնի Եվրոպային. Եվրապատգամավոր
20 Հունվարի 2024, 14:17
Բանաձևը կարևոր է նրանց համար, որոնք աջակցել են այն Ֆրանսիայի Սենատում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում նշել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին՝ մեկնաբանելով հունվարի 17-ին ընդունված բանաձևը, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի պատճառով:
«Սա լավ նախաձեռնություն է, մենք պետք է արթնացնենք Եվրոպայի բոլոր դեմոկրատներին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մենք ցանկանում ենք դրանով ուղերձ հղել Եվրոպական խորհրդարանին, որպեսզի տիկին ֆոն դեր Լայենի և Բորելի ուշադրությունը հրավիրենք նույնպիսի նախաձեռնություն ընդունելու և Ադրբեջանի հետ համաձայնագիրը խզելու անհրաժեշտության վրա», — նշել է պատգամավորը։
Խոսելով բանաձևին ի պատասխան Ադրբեջանում ընդունված հայտարարության մասին՝ Ալֆոնսին նկատել է, որ դա սպասելի էր: Նա նշել է, որ տեղի ունեցողի համատեքստում կարևոր է, որ Եվրամիության մյուս երկրների և հենց ԵՄ-ի՝ որպես ինստիտուտի դիրքորոշումները մատնանշվեն և վերաբերմունք ցուցաբերվի Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ:
«Բանաձևը Սենատում առաջին քայլն է։ Եվրոպայի մյուս խորհրդարանները և, առաջին հերթին, Եվրախորհրդարանը, պետք է տեսնեն Ադրբեջանի արձագանքը։ Ադրբեջանը չի կարող մեկուսացնել Ֆրանսիային այս հարցում, Բաքուն պետք է պատասխանատվություն կրի Հայաստանի դեմ իր քաղաքականության համար», — նշել է պատգամավորը։
Խոսելով երկու երկրների համար բանաձևի ընդունման հետևանքների մասին՝ Ալֆոնսին նշել է՝ նորություն չէ, որ Ադրբեջանը շատ ուժեղ տրամադրված է Ֆրանսիայի դեմ: «Բայց չեմ կարծում, որ ինչ-որ էական հետևանքներ կլինեն, որովհետև Բաքուն առանձնապես չի վախենում ֆրանսիական դիվանագիտությունից, բայց Ադրբեջանի վրա ճնշումը պետք է ուժեղանա և շարունակվի։ Դա խաղաղության միակ ճանապարհն է», — եզրափակել է նա։